Էջ:Khoja Capital.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առջև շահագործելու նյութ։ Կղերական դիմադրությունն այն աստիճանին եր հասնում, վոր մի ինչ-վոր յեպիսկոպոս հաստատվել եր Կազան քաղաքում լրտեսություն անելու համար, այնպես վոր թե' Յեսայի կաթողիկոսը և թե Մինաս վարդապետն ստիպված յեղան դիմելու Պետրոս ցարին և խնդրելու, վոր Կազանից հեռացվի այդ սրբազան լրտեսը[1])

Ընտանի և դրսի այս խոչընդոտները չհուսահատեցրին Յեսայի կաթողիկոսին։ Թե՛ Եջմիածնի և թե՛ Յերից Մանկանց վերաբերմամբ նա բռնեց հաշտեցնող ուղղություն, մի քանի անգամ գնաց Եջմածին և կարողացավ այնքան աջողեցնել բանակցությունները իր կողմից արած զիջումների միջոցով, վոր յետ ստացավ նույնիսկ և Շամախու թեմը, — մի շատ կարևոր աջողություն իբրև նյութական միջոցների հենարան ազատագրական շարժման կազմակերպման համար։

Իսկ Պետրոսի քաղաքականությունը դեպի հայ խոջայական կապիտալն ավելի և ավելի փաղաքշական-գրավչական եր դառնում զուգընթացաբար այն բարեհաճ ուշադրության, վորի առարկան եր նա դարձրել հայերի քաղաքական ձգտումը, մի ուշադրություն, վոր, ինչպես տեսանք, հետևանք եր Պարսկաստանում տեղի ունեցող դեպքերի։ 1717 թվականին, Մինաս վարդապետին Հայաստան ուղարկելու հետ միասին, Պետրոսը մի համարյա բացառիկ շնորհ եր անում Զմյուռնիայում կենտրսոնացած մի խոշոր խոջայակտն կապիտալը Ռուսաստան գրավելու համար։ Այս նպատակով նա հրատարակում եր մի շրջաբերական հրովարտակ, ուղղված «կառավարիչ Սենատին, նահանգապետներին, փոխ-նահանգապետներին: Զինվորական հրամանատարներին, լանդրատներին, ամեն աստիճանի զինվորական և քաղաքացիական վարիչներին և քաղաքների մեջ տեսուչներին, քաղաքապետներին և մաքսային ծառայողներին»։ Այս հրովարտակի մեջ նա ասում եր[2]).

«Երբոր Հոլանտիա եյինք, Հայկաղն Պետրոս (Փիթեր) Ապրո խոնարհաբար մեզի աղերսագրով մը իմացուր թե ինքը և յերկու յեղբարքը Աբրահամ յեվ Ստեփան Ապրո՝ բնակիչք Զմյուռնիո, մեծ վաճառականութիւն ունին Հնդկաստան, Պարսկաստան, Տաճկաստան և այս կողմերու եվրոպական թագավորութեանց մեջ, և իրենց վաճառականութեան մեծ մասը մետաքս է և ուրիշ պարսից

  1. Эзов, с. 328-330
  2. Собрание ак. отн. до обоз. истории арм. народа. ч, l. с. 158-160 Մենք տալիս ենք այն թարգմանությունը, որ արել ե «Մասյաց աղավնի» ամսագիրը (Փարիզ, 1857, յեր․ 236-237)։ Այդտեղ էլ տպված են տեղեկություններ այս խոշոր առևտրական տան ծագման մասին, վոր, ըստ սովորականին, հասցվում էր մինչև Անիի Բագրատունիները։