Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թազագյուլ չըլի, Ալաբաշ ըլի,— բորբոքված ասաց Թազագյուլը ու քայլերն ուղղեց դեպի դուռը։

Կիկոսը կարկուտի տակ ընկածի պես շշմել էր, բայց ուշքի գալով դիմեց կնոջը.

— Էդ ո՛ւր ես գնում, աղջի՛։

— Գնում եմ աչքիդ լիսը հանողի կուշտը, հրես գնում եմ յաչեյկին ասեմ, թե դու կոնտրիկ ես, որ գան կաշիդ գլխովդ հանեն,– սպառնաց Թազագյուլը։

— Դե՛, լա՛վ, լա՛վ,— սարսափած վեր թռավ տեղից Կիկոսը,— էս տանը մարդ ու կնիկ խոսք ու զրից էլ չեն կարալ անե՞ն... բան էր, ասեցի, հու արի ոչ, թող մի խելքս, գլուխս հավաքեմ բալքի քու ասածն ա լավը, յաչեյկե՞ն ինչ բան ունի՝ մարդ ու կնկա գործին խառնվի... Ես վախենում եմ զուր տեղը մշակութին անեմ, անհախ, անփող, չունքի Վանո-բեգն ասել ա՝ «Թող վարեն ու ցանեն, տենանք ո՞վ պտի հնձիլ...»։

Թազագյուլը նոր բան իմանալով՝ ետ դարձավ ու կրկին հարձակվեց Կիկոսի վրա.

— Ի՞նչ, ի՞նչ... ո՞ւմ ա ասել, որտե՞ղ ա ասել, ե՞րբ ա ասել...

— Եսիմ ո՞ւմ ա ասել — չքմեղանալով պատասխանեց Կիկոսը.— դա հո գիդաս, որ ես էլ մարդու հետ զրից չեմ անում... Սարին ու քարին ա ասել, ջրին ու փետին... Զրից էր, ասեցի, էլի՜, ի՛նչ ես բարակ ծերիցը բռնած դբա հաստը գնում...

— Լավ ա ասել, ինչ որ ասել ա... Նրա ասիչը[1] խի՞ ա բլբլում, որ ասում էլ ա... Դե, թող նա քամի դառնա էն արտի կողքովն անց կենա, տե՛ս, թե նրա մոխիրը քամուն եմ տալի՞, թե չէ...

Մարդ ու կնկա զայրույթը կարծես իջել էր։ Թազագյուլը շարունակ անիծում էր թագավորից սկսած մինչև բեգերը, իսկ Կիկոսը շորերը հանելով փաթաթեց, բարձի տակ դրեց գլխատակին, որ քնի, կամաց փնթփնթալով.

— Յարաբ, որ կնիկն էր ըլել աշխարհիս դատ ու դատաստան կտրողը, մեր հալն ի՞նչ կըլեր...

  1. Ասող, ակնարկում է լեզուն։