Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միտք կանեմ»։ Սակայն որքան մեծ եղավ զարմանքը, երբ արխին մոտենալով նկատեց, որ ջուր չի գալիս։

— Ջո՞ւրս էս ով կտրեց,— շվարած կանգ առավ Կիկոսը բահը ձեռին,— գնա՞մ ոչ մի տենամ էս ինչ հարամզադա ա կտրել, գլուխը տապակ անեմ... Արի՛, էշ ջան, արի քեզ էլ տանեմ ջուր տամ, ծարաված կըլես...

Ու Կիկոսն իշի կապը քաշած առաջ ընկավ դեպի ջրի ակը։ Դեռ հեռվից էր, որ Կիկոսը նկատեց Խուրշուդ-բեգին, որը ջուրը կտրել, արել էր քարերի մեջ ու ինքը նստել մոտը, ձիու կապը ձեռին բռնած: Կիկոսը մի րոպե կանգ առավ, նա մտածում էր, առաջ շարժվի՞, թե ոչ, երբ Խուրշուդ-բեգը ձայն տվեց.

— Արի՛, արի՛, մոտիկ արի։

Կիկոսն անվստահ քայլերով առաջ շարժվեց ու թուքը կուլ տալով դիմեց Խուրշուդ-բեգին.

— Բարի օր քեզ, Խուրշուդ-բեգ։

Խուրշուդ-բեգը չպատասխանեց։

— Ջուրը դու ես կտրե՞լ,— հարցրեց Կիկոսը։

— Քո՞ռ ես, տենում չես, որ ես եմ կտրել,— զայրացած պատասխանեց Խուրշուդ–բեգը։

— Բա էդ ի՞նչ ես ջրում։

— Արտ։

— Խուրշուդ-բեգ, բա էս ղայդի արտ կըլի՞, էս քարերն ու ղռե՞րը...

— Քար ու ղռե՞ր... — կատաղած հարձակվեց Խուրշուդ–բեգը,— տո շո՛ւն շան-տղա, դու քանի գլխանի ես, որ եկել ես իմ պապական հողը վարել, ցանել, հիմի էլ ջրում ես ու իմ արտին էլ քար ու ղռեր ես ասում... հրես քար ու ղռեր շանց կտամ քեզ։

Խուրշուդ-բեգը մի քար վերցրեց ու շպրտեց դեպի Կիկոսը, որը փախավ ու քարից խուսափեց. էշին թողնելով արխի մոտ կանգնած։

— Խուրշուդ-բեգ,— հեռվից ձայն տվեց Կիկոսը,— ես հու կռվի չեմ եկել, դու էլ գիդաս, թե ով ա քու տափը խլողը, վարողն ու ցանողը, ես ի՞նչ մեղք ունեմ, ինձ ասել են՝ ջրի, ես էլ ջրում եմ, հիմի էլ դու ասում ես՝ ջրիլ մի, էլ ջրիլ չեմ, էլ քար ու փետ շպրտե՞լդ ինչ ա... Բո՜, բո՜... է՞շս, ուր ես