Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չոռ ու ցավ, Թազագյուլը գլուխդ տափը դնի, պրծնի քեզանից Թազագյուլը․․․

Կիկոսը հանկարծակիի եկավ։ Թազագյուլի ձայնն էր։ Կիկոսը չէր կարողանամ հասկանալ ու բացատրել, թե Թազագյուլը որտեղից է բուսել իր ետևի կողմը, ծառի քամակին։

— Աղջի Թազագյո՜ւլ, էդ դու ե՞ս,— ստուգելու համար հարց տվեց Կիկոսը։

— Բա աչքդ հանողն ա՞,— զայրացած պատասխանեց Թազագյուլը։— Ա՛ տղա, ի՞նչ ես սև բայղուշի պես թառ ըլել էդ ծառի վրա...

— Ասում չես թե մահից ազատվել եմ, կնիկ, Խուրշուդ-բեգը քիչ էր մնում սպանի, լավ էր, որ ես ի էստեղ, թե չէ դու որ ըլեիր, հիմի մեյիդդ[1] տանը դրած, վրեն սուգ անելիս կըլին...

— Աֆֆերի՛մ, Կիկո՛ս, ղոչաղ ես, գլուխդ լավ ես ազատել,— հեգնեց Ունանը, որը Թազագյուլի կողքին կանգնած էր,— դրա համար էլ ըտենց ծառի վրա նստած թարիֆ ես անում[2]... Վեր արի ծառիցը, վեր արի, այ աննամուս...

— Դե հրես ես կպատմեմ, ու դուք էլ կտենաք, թե աննամո՞ւս եմ, թե չէ,— ասաց Կիկոսն ու ծառիցն իջավ։ – Իսկի բանից խաբա՞ր եք, թե հենց խեղճ Կիկոս եք գտել, որ անիծքաչոր անեք․․․ Ա՛յ, թե ոնց ելավ բանը․․․

Կիկոսն սկսեց իր պատմությունը ու երբ հասավ էն տեղին, թե ինչպես Խուրշուդ-բեգը ձին քշեց նրա վրա, իսկ ինքը ծառը բարձրացավ, որ գլուխն ազատի, որից հետո Խուրշուգ-բեգը ձին քշեց ու արտը տրորեց, մեկ էլ էն զգաց, թե ինչպես փայտի մի ուժեղ հարված կպավ գլխին, որից Կիկոսը ուշաթափ ընկավ գետին, լսելով հարվածող Թազագյուլի խոսքերը.

— Դե՛, հիմի գնա ու գլուխդ թակելուց պահի, հողեմ էդ աննամուս գլուխդ...

  1. Դիակ։
  2. Գովաբանում ես։