Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Էսօր չէ էգուց էլի պետք ա գալու, թող հիմի մի կերպ գլուխը պահի»,— ասում էր Սոլոմոնը։

Ձմեռվա ցուրտ օրերից մեկն էր, երբ գյուղից երկու հոգի պարկերը շալակած եկան Անտոնի ջաղացը և հայտնեցին թե՝ «թագավորին թախտից գցել են»։ Ուրախ էին նրանք, որովհետև իմացել էին, թե պատերազմը կարող է դադարել ու տղերքը կռվի տեղից կվերադառնան։

Անտոնի համար միևնույն էր, թե ինչ է պատահել, նա ոչ ոքի չէր սպասում։

— Անտոն բիձա, էդ խի՞ դու էլ չես ուրախանում, անիծած թագավորին թախտիցը վեր են գցել, աշխարհս ազատութին ա ընկել, կռիվը վերջանալու ա, խաղաղ օր ա կյանք ենք քաշելու,— հարցրին աղուն բերող գյուղացիք։

— Ուրախանա՞մ... լավ եք ասում, համա... վերջն ա գովելի, — պատասխանեց Անտոնը։— Թագավորն ինձ ինչ ա արել, որ ուրախանամ յա տխրեմ։ Իմ փայ թագավորը հրեն գեղումը նստած։ Թագավորը հո տունս քանդել չի, ջաղացս ձեռիցս խլել, ինձ էս օրը գցել։ Թագավորին թախտիցը գցելն էն օրը կիմանամ ու կուրախանամ, որ գեղը լափող Սոլոմոնի պես շներին իրարից կապեն ու շանսատակ անեն։ Աշխարհիս խաղաղվելն էն օրը հաստատ կլի, որ տերտերի մորուքը կխուզեն, քյասիբներից զավթած հողերն ու բաղերը նրա ձեռիցը կխլեն, իրանց տերերին կտան, թե չէ... դուք ի՞նչ գիտաք, թե թագավորի տեղ՝ էտ ղայդի շներն ու գելերը չեն մեր ջանին ընկնելու, ու թե թագավորը մեր միսն ա կերել, դրանք ոսկորնիս էլ չեն կռծելու...

— Է, Անտոն բիձա, աշխարհն ըսենց եկել, ըսենց էլ գնալու յա, աստծու դրած օրենք ա, աշխարհիս երեսին մեծ էլ պետք ա ըլի, պուճուր էլ, աղա էլ պետք ա ըլի, նոքար էլ, դու հենց ուզում ես հավասար ըլենք դիփս էլ... էս ձեռս տեսնում ես, վրեն հինգ մատը կա, համա մինն էլ ա մեկէլին նման չի, ոչ էլ հավասար։ Աստոծ հու շաշ չի, որ ըսենց ա ստեղծել, դու ուզում ես փոխվի՞,— առարկեց վիճող գյուղացին։

— Չէ՛, բան չեմ ասում,— պատասխանեց Անտոնը, —զրից էր, ասացի, էլի՜, խոսքս էլ տեղ կհասնի, գլխիս մի նոր ցավ ու պատուհաս էլ նոր կգա, համա ձեռիդ հմար մի բան կասեմ մենակ, որ մատնեքը ջոկ-ջոկ խեղճ ու կրակ զադեր են, ուզում ա մեծ, ուզում ա պուճուր, բայց մի իրար հավաքի ու հուպ տու, հրես է, ըսենց, տեսնում էս, էս ի՞նչ բան ա սրան դմբուզ կասեն։