Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դե′, բա ի՞նչ բանի կենան, որ կռիվ չանեն, թագավորութին ասած բանըդ էլ հենց նրա համար ա, որ կռիվ անի, սրա-նրա հողը խլի, բա ո՞նց ես ուզում, աղեն հու իրան հողը քեզ չի տալ, գնա, ջանդ թող դուրս գա, կռիվ արա, հարևանիդ հողը խլի, թե սաղ մնաս, խլած հողդ աղեն կզավթի, էլ ետ դու նրա նոքարը կըլես, թե չէ հա մեռար, դե ո՞վ չի մեռնելու որ... տերտերը վրեդ աղոթք կկարդա, հոգիդ արքայության մեջ կցնծա։

— Է՜, Անտոն բիձա, էսօր թարս ես վեր կացել, էլ էն առաջվա պես չես խոսում, դու էլ ես խարաբ ըլել։

— Դրուստ ա, թարս եմ վեր կացել, չունքի Սոլոմոնի ղամշու դաղած տեղերը հալա ցավում են։ Լիզուս ինձ քաշած վեր ընկած էի էս ջաղացումը, եկաք խոսացրիք, ես էլ մի երկու հակառակ զրից խոսեցի, ձեզանից ո՞րն էր նրան հասցրել, էգսի օրը մտավ ջաղացը, դուռը վրես փակեց ու...

— Ի՞նչ,— զարմացած ընդհատեց գյուղացին,— թակե՞ց...

— Թակե՞ց... ասա միսդ քրքրեց...

— Վայ անօրեն, անաստված... Անտոն բիձա, թող քոռեքոռ ման գամ, թե ես բան ասած ըլեմ, բա էդ ղայդի բան կըլի...

— Էդ հալա քիչ ա ինձ պես պառավ հայվանին, որ գիդում չեմ, թե ինչ զրից ում հետ անեմ։ Իմ օրում ինձ սիլլա տվող չի ըլել, նա ինձ վեր կոխեց ջարդեց...

— Խի՞ չես գանգատ անում, Անտոն բիձա։

— Ո՞ւմ գանգատ անեմ, իրանից՝ իրա՞ն․․․

***

Ձմեռնամուտի ցուրտ ու խավար գիշեր էր։ Թիփի բորանը քշել էր ամենքին իրանց բունը, դուրսը շունչ կենդանի չէր շարժվում։ Մառախուղը փաթաթվել էր ծառերին, թփերին ու պինդ կպել գետնին։ Գետը որբացած ու տկլոր երեխայի նման, զրկված ամառվա պճնանքից ու աշունքվա բարիքներից, տխուր-տրտում վշվշում էր, թե ինչպես շուտ անցան ծաղիկներն ու մրգեղենը, լողացող չարաճճի մանուկներն ու բազմաթիվ ծլվլան թռչունները...