Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ որ ասի, անես, ուր որ ղարկի գնաս, դրո՞ւստ ա,— հարցրեց Կուպրը։

— Դրուստ ա, խոսքիս տերն եմ, մենակ թող գա մի տեսնեմ, ո՞վ ա, ի՞նչ կերպարանք ունի,— վճռական ասաց Միդին։

— Լավ, մի քիչ համբերիր։ Ա′ Զատ, դու էլ ես խոսք տվել, խոսքիդ հաստա՞տ ես։

— Գլխով-ոտով պատրաստ եմ,— ասաց Չատին։

— Լա′վ։ Դե՛, ձեզ մի բան էլ ասեմ, էս գործին գնացողը պետք ա հերն ու մեր, քիր ու ախպեր, ազգական-բարեկամ չճանաչի, կյանքը էդ գործին չխնայի, էգուց-էլօր որ մի բան պատահի բոլշևնիկի ծրագրին դավաճանեք, թեկուզ ինձ պես տասը Կուպր էլ բռնեն, կոտորեն, դիփ մեկ ա, բոլշևնիկն եկած օրը, ձեր գլուխը սոխի պես կթրցնեն, սխտորի պես կջարդեն, միսներդ աղցան կշինեն։ Լավ իմացեք, հա՜... Ձեզ հետ խոսողը Կուպրը չի, շաշ Կուպրը, իմացա՞ք։

Կուպրի դեմքն այնպես լուրջ տեսք ուներ, որ սարսափ էր ազդում։

— Իմացանք,— խորհրդավոր կերպով պատասխանեցին Միդին ու Չատին։

— Մի բան էլ ասեմ։ Հավատո՞ւմ եք, որ բոլշևնիկի ուժը մեծ ա, զորավոր, որ գալու ա, թե չեք հավատում, լավն էն ա, գնաք ձեր բանին,— պնդեց Կուպրը։

— Ի՞նչ ես գլխներիս գելի ավետարան կարդում, ես քեզ ինչ ասել եմ՝ ասել եմ, տղամարդը խոսքը մի անգամ կասի. քեզանից բոլշևնիկ եմ ուզում էս սհաթին, բոլշևնիկ, — պնդեց Միդին։

— Դե՛, վեր կացեք, թվանքներդ վեր կալեք ու ինձ աղաք արեք, տարեք, տվեք կոմիտե Մեխակին, ասացեք բոլշևնիկը հենց էս Կուպրն ա, որ կա, ըհը′, էս էլ նրանց թղթերը։

Այս ասելով՝ Կուպրը ծոցից հանեց բոլշևիկյան թռուցիկները և դեմ արավ Միդինին ու Չատինին։

— Բոլշևնիկը ես եմ ու էս Անտոն բիձեն, էն ճամփի փռած թղթերը սա ա փռել, մի էդքան էլ ես եմ սրա-նրա ձեռով շաղ տվել հեռու-մոտիկ գեղերումը։