Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարսելով դատարկ տոպրակներից մեկի մեջ, շալակեց ու դուրս եկավ։

Անտոնը դեռ չէր կարողացել իրեն հաշիվ տալ, թե ինչ կարող է լինել ցինկից շինած արկղների մեջ, երբ Կուպրը կրկին վերադարձավ ու շունչը հազիվ պահելով՝ մի երեք հատ էլ տարավ։ Եվ այսպես, մի քանի ճամփում արկղիկները ջաղացից հանեց Կուպրը, ու երբ գործն արդեն վերջացած էր, նա տոպրակները ծալեց, վերցրեց ու Անտոնին կարգադրեց.

— Էն ցինկի յաշիկները պատրոն ա. էս ցորենը կամ դեն ածա կամ հենց տեղ պահի, որ մուկն էլ չիմանա տեղը, էդ բերող մարդիկը մերոնցից են. բայց նոր են, դեռ լավ չեն մկրտված կարասիս մեջ, ո՞վ գիտի մեջները կարող ա մուխաննաթ, մատնիչ մարդ ըլի, մատնի, կամ սարսաղ-մարսաղ դուս տա խալխի միջին. պատրոնները հրեն պահել եմ Սոլոմոնի խոտի դեզի տակին, թե բան ա, ինձ մի փորձանք պատահի, Արսենին կամ Արմենին տեղը կասես։ Միդինին կամ Չատինին պատրոնի տեղը չասես, հա՜... Հիմի ես էսա գնում եմ, առավոտը լուսը չբացված ջաղացի դռանը մոխիր շաղ կտաս, որ ոտների տեղը չերևա, միթոմ մարդ չի մտել ջաղացը, ոչով չի եկել, ինձ էլ չես տեսել։

Կուպրը համարյա խոսքը կիսատ՝ դուրս թռավ ջաղացից։

Անտոնը մնաց մենակ։ Այնպիսի գլխապտույտ արագությամբ տեղի ունեցավ այս ամենը, որ Անտոնը չգիտեր որի մասին մտածի, որն էր ավելի հանելուկային ու խորհրդավոր՝ մարդի՞կ թե Կուպրը... Բայց նրա աչքի առաջ փռված ցորենն ավելի ռեալ էր։ Ի՞նչ անի... բաց անի ցրթոնը, թափի ջրի մեջը, ափսոս է, ցորենը լավն է, խոշոր, կարմիր զարդա ցորեն է, էնքան սոված մարդ կա, որ երազում ցորենի հատիկ տեսնելիս վեր է թռչում, նա ո՞նց թափի գետի մեջ, ձկների բաժին դարձնի։ Չէ՛, թեկուզ կախեն էլ՝ Անտոնը ցորենը ջուրը չի թափիլ։ Նա շտապով վերցրեց կրկենի հունցելու տաշտը, լցրեց ու բարձրացնելով՝ թափեց դատարկ մեծ կոտի մեջ։ «Կասեմ իմն ա, ու պրծավ գնաց»։ Թե որտեղից կամ ինչպես, նրանց բանը չի, վճռեց իր մեջ Անտոնը և մինչև անգամ ուրախացավ, որ եթե իրեն տանջելու էլ լինեն ցորենի պատճառով, ինքն ուրաի կլինի թեկուզ