Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեկուզ հենց նրա համար, որ մասնակից է լինում բոլշևիկների գործունեությանը։

Ցորենն այնքան էլ շատ չէր, պարկերը փոքր էին, Անտոնը վերջացնելով աշխատանքը, գետնին թափված, հողակոլոլ հատիկներն ավլեց, ապա ցրթոնի տախտակը բարձրացնելով՝ թափեց ջուրը։ «Էս էլ թող ձկներն ուտեն ու բոլշևիկ դառնան» — ինքն իրեն ասաց Անտոնն ու մտքում ծիծաղեց։

Կեսգիշերն անց էր, բայց Անտոնն ինչ արավ-չարավ չկարողացավ քնի, քունը չի տանում, հազար ու մի տեսակ մտքեր իրար օղակված՝ երկար շղթայի նման գալիս էին ու անցնում։ Պարապությունից ու անքնությունից ստիպված՝ նա հավաքեց օջախի մոխիրը, լցրեց կես խանի մեջ ու պատրաստվեց դուրս տանելու, որ ինչպես պատվիրել էր Կուպրը, թափի ջաղացի դռանը։

Դուրսը նոր ձյուն էր դրել, գետինը կարծես կարկտան գցած հին շոր լիներ, տեղ-տեղ սպիտակ, տեղ-տեղ սև։ Անտոնը բավական առաջ շարժվեց, մոխիրը շաղ տվեց, ապա կրկին ետ դառնալով նորից լցրեց կես խանը և ետ ու ետ գալով ջաղացի դռան հրապարակն ու ճամփի մի մասը ծածկեց մոխիրով։

Լուսաբացը մոտ էր։ Անտոնը կրակ վառեց, կրակի լույսն ընկավ կոտին՝ ուր ցորենն էր։ Անտոնը նորից սկսեց անհանգստանալ՝ «բա հիմի որ գան ու բռնե՞ն»...

— Բարի լուս, Անտոն բիձա։

Անտոնը շփոթված ետ նայեց։ Նա մոռացել էր ջաղացի դուռը փակի։

— Բարով եկար, Ավետիս ջան, խեր ըլի, էսպես վաղ,– հազիվ իրեն հավաքելով պատասխանեց Անտոնը։

— Խեր էլ ա, մի քիչ խեր էլ չի, Անտոն բիձա, — ասաց Ավետիսն ու ներս մտնելով՝ ուղիղ անցավ կրակի մոտ։

— Ի՞նչ կա որ...

— Դրուստ ասա, Անտոն բիձա, էս գիշեր Միդին կամ Չատին ջաղաց չեն եկե՞լ,— հարցրեց խորամանկ աչքերը պրպտացնելով և մորուքը սղալելով։

— Չէ՛: Ի՞նչ կա որ...

— Ուրիշ մարդ էլ չի եկե՞լ...

— Չէ՛: Մի ասա տեսնեմ ի՞նչ ա պատահել, է՜...