Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կանգնի′ր, թե չէ կկրակեմ։

— Կկրակե՞մ... կկրակե՞մ... Ես տեղովս կրակ եմ, ես հո բոլշևիկ չեմ, որ ուզում ես ինձ սպանես, ձեզ համար միս եմ բերում։ Չատինի կովը մորթեցին, հրե՜ս, կովի ոտը բերել եմ, որ ուտեք։ Ես Կուպրն եմ, Կուպրը, էսօրվա ձեր տեսած շաշը։

Կուպրին ներս թողին։

— Հա′, էս էլ եղավ, գինին սա հենց ինքն էլ կբերի։

— Կբերի, բա՜ս, կբերի, որ մենք խմենք, Սոլոմոնի սիրտն էրի։

Ծիծաղեցին։

— Տո′, Կարա′ս, էս ցրտին ո՞նց եկար։

— Ոնց եկա՞ր... խելոք մարդը հո էս ղիամաթին տանիցը դուրս չի գալ, էնա միսը շաշին տվին, սա էլ բերեց,էլի′…

— Ի՞նչ արին բռնվածներին։

— Գոմն են արել, սոված, ծարավ պահում են։ Դրուստ ա, նրանք բոլշևիկ չեն, համա հրես, էն բռնված տղերանց մեկի՝ Չատինի կովը բոլշևիկ էր դառել, բռնեցին, մորթեցին։

Նորից ծիծաղեցին։

— Մուշեղ, դու գնա, հենց որ խորովածը պատրաստ լինի քեզ իմաց կտանք։

— Ես էլ գնամ գինին բերեմ,— ասաց Կուպրը։

— Հա՛, դու էլ լավ վրա հասար, գնա գինի բեր։

Դաշույնները փայլատակեցին, կտրատում էին Չատինի կովի միսը։

— Էսպես պիտի կտրատել ա՜յ, բոլոր բոլշևիկների մարմինը։

— Ա՜խ, թե մի մեկն ու մեկը ճանկս կընկնի...

— Բիձա, ճիպոտներ գտի շամփուրների համար։

Անտոնը պատատակերն ընկավ ճիպոտ գտնելու։

— Մենք նրանց ցույց կտանք, թե ովքեր ենք մենք։

— Էնպես ջարդենք, որ Ռուսաստանի ճամփեն մտներիցը գցած ուր փախչելը չիմանան։

Ներս մտավ Կուպրը փարչն ու կուլեն գինով լիքը ձեռքին բռնած։