Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Անտոն բիձա, ես թռչում եմ,—ասաց Կուպրը,—դուռը պինդ կփակես, որ մարդ չդուրս գա մինչև լուսաբաց։ Էգուց իրիկուն, եթե բան ա, պատահի, որ ես չգամ, դու սրանց էլի էսօրվա պես մի լավ կհարբեցնես, որ չկարենան տեղներիցը ժաժ գան։ Պինդ խմացրու։

— Բա վա՜յ թե սրանց տեղ ուրիշ մարդ գա, նրանց հետ ո՞նց վարվեմ,— տարակուսած հարցրեց Անտոնը։

— Սրանք էս գինու համը որ առել են, մինչև կարասի տակը չլիզեն, գնացող չեն, իսկ եթե բան ա, պատահի, որ ուրիշին ղարկեն, ես կերևամ։

Կուպրը մի ոստյունով դուրս ցատկեց ու կորավ խավարի մեջ։ Անտոնը դուռը պինդ փակեց, ընթրիքից մնացած բաները հավաքեց, կրակն անթեղեց ու ինքն էլ գլուխը դրեց կոճղին։

Ձիերի փռռոցն ու «տղաների» խռմփոցն ընկել էր ջաղացը։ Թվում էր, թե խավարի մեջ ինչ-որ մեկին մորթում են կամ խեղդում։ Ջաղացի խոնավ ու ծանր օդը ճնշում էր Անտոնի գլուխը, բութ ցավից աչքը չէր փակվում։ Նա մտածում էր Կուպրի մասին, պահած փամփուշտների մասին։ Նրա աչքի առաջ Չատին էր կանգնում, հուսահատ, ձեռները խաչած, կարծես ասելիս լիներ. «Անտոն բիձա, էս ի՞նչ օին եկավ գլուխս, կովս մորթեցին, տունս քանդվեց...»։

Ահա և Միդին. նա լուռ է, գլուխը կախ, չի խոսում, փոշմանել է, թե՞ ավելի է կատաղած... Վա՜յ թե մատնեն, Կուպրին ու իրեն բռնել տան, գաղտնիքը բացվի... էդ հո ամեն ինչ կորավ...

— Է՜յ, ջաղացպա՛ն...

Անտոնին թվում է, թե ինքը մի խոր հորի մեջ է, կարծես հեռվից մեկը կանչում է, իսկ ինքը չի կարողանում ձայն հանի։ Աչքերը չի կարողանում բաց անի, կարծես կոպերն իրար կարած լինեն։

Դուռն ամուր բախում են, քարեր են խփում:

— Ջաղացպա՜ն,— կրկնում է ձայնը ավելի ուժգին։

Անտոնը մեծ ճիգ է թափում, որ աչքերը բանա, փորձում է ճչալ, չի կարողանում. շատ է նեղվում, ուզում է շուռ գալ, կանգնել, չէ՛, բան չի դուրս գալի, կարծես կապոտած լինեն ոտ ու ձեռը։