Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապրի, հիմի նրանք ուզում էն գան, էդ եղած-չեղածն էլ տանեն, մեր վիզը բոլորովին կտրեն։

— Հիմի քու ասելով բոլշևնիկը մեր երկրի, մեր հայերի դուշմանն ա, էլի՜...

— Էլ ասեցիր ա պրծար...

— Բա ոնց պտի անենք, որ ազատվենք։

— Մենք էլ հենց դրա մասին ենք էսքան գլուխ կոտրում, էլի՛. սաղ ազգը ոտի ենք հանելու, որ կռվի, միևնույն է, կոտորածն անխուսափելի է, թուրքի հետ միացած գալու են ու բոլորին սրի քաշեն։

— Պա՛, պա՛, պա՛.., էդ ի՞նչ զուլում ա... Լավ, բա ե՞ս ինչ բան ունեմ դրանց հետ, որ ինձ էլ են չարչարում, ես իմ օրումը ճանճ էլ չեմ սպանել, ինձ վրա էլ են կասկած տանում, չի ըլի՞լ մի ասես, թե ինձ վրա շառ մոգոնողն էդ ով ա...

— Ի՞նչ իմանամ։

— Էլի՛, օրենքի մարդ ես, կիմանաս։ Իմ կարճ խելքն էնպես ա կտրում, որ Չատինին ու Միդինին բռնել տվողը մեր գեղացի Ավետիսն ա, համա խելքս չի կտրում, թե նա ինձ վատութին անի, շառի մեջ գցի, ի՞նչ կասես...

— Չգիտեմ։

— Բա հիմի դուք ո՞նց եք ուզում բոլշևնիկի դեմ կռիվ անեք, պառավ մարդ եմ, էսօր-էգուց կմեռնեմ, մի իմանամ, որ էն աշխարհը գնալիս մի խաբար էլ ա տանեմ։

— Չե՞ս տեսնում ո՜նց... Հրես դիրք են բռնել, որ եթե հարձակվեն մեզ վրա, ջարդենք։

— Շատվո՞ր եք, շատվո՛ր, էն ասա, թե չէ, վայ թե նրանք հաղթեն ու ժողովուրդը ձեռից գնա։

— Էնքան էլ շատ չենք, բայց կդիմանանք, խոստացել են էլ զորք ուղարկեն։

— Էլի, մեր էս գեղրանքի գոլին կըլի՞ մի հարիր հազար թվանք բռնող։

— Որտեղի՞ց, շատ-շա՜տ մի երեք հազար հոգի լինի, բոլշևիկները հո միայն էս կողմով չեն գալի, նրանք ուրիշ գավառների վրա էլ են հարձակվում։

— Ասենք երեք հազարն էլ քիչ չի, թե լավ պաշար ունենանք, ես ինչ գիդամ, պատրոն, թոփ, թվանք...