Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անտոնը խայթվածի պես վեր է թռչում և առանց հարցwu–փորձի բաց է անում դուռը։ Ներս են թափվում մոտ հիսուն–վաթսուն մարդ։

— Ընկերնե՛ր, լուռ նստեցեք և ձայն չհանեք։

Խոսողն Արսենն է։

— Անտոն բիձա, եկ հետս։

Անտոնը լուռ հետևում է նրան։ Դուրսը էլի մարդիկ կան, նրանք ամենքը Արսենի գլխավորությամբ գնում էին դեպի Սոլոմոնի դեզը, հանում են հրացանները, փամփուշտները, ձեռքի ռումբերը և կրում ջաղաց։ Ամենքը զինված են, ուրախ, դեմքերը վառվում են։ Արսենը բաժանում է տասնյակների, ամեն տասնյակի հանձնում է մի մարդու։ Անտոնը նայում է, թե մարդ ճանաչի, նոր է նկատում Չատինին, Միդինին ու իրենց գյուղացի էլի մի ութ հոգու, մյուսներն ուրիշ գյուղացիներ են։ Սրանք բոլորն էլ կասկածելի, անվստահելի մարդիկ են, կոմիտեն զինաթափ է արել և դիրքերը չի ուղարկել։

— Պատրա՞ստ եք։

— Պատրաստ ենք։

— Պետք է շղթա կազմել, այսպես, տասը հոգի այս ճանապարհի մոտ, տասը՝ մեծ, մնացած տասնյակները, ինչպես կարգադրել եմ, ապառաժների ու սարալանջերի մոտ, մի տասնյակը շարունակ կապ կպահպանի բոլորի հետ, ոչ մի հրացան չարձակեք, մինչև իմ կարգադրությունը չստանաք, տեսեք, չխառնվեք, իրարանցում չգցեք, կանոնավոր։

— Դիփս էլ ռսին ղուլուղ արած մարդ ենք, ընկեր Արսեն, վախիլ մի,— ասում է մեկը։

— Այդպես, ապրե՛ք։ Ետ նահանջող զորքին կառաջարկեք անձնատուր լինել և զենքերը ցած դնել։ Հակառակ դեպքում կրակեցեք, առանց խնայելու։ Աչքաբաց եղեք, կատակ չէ, շտաբը պետք է գրավենք։ Դե՛, մարշ։ Զգույշ, Միդի, քո տասնյակը կապ պահողը կլինի։

— Լա՛վ։

Ցրվեցին։ Ձյունը նորից մաղում է։

— Դե՛, Անտոն բիձա, ես դիմացի սարի վրա եմ լինելու, առ էս լուցկու տուփը, հենց որ իմ հրացանի ձայնը լսես՝