Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Կ Ի Կ Ո Ս Ը
I

Անունը Կիրակոս էր. գյուղացիք կրճատել, Կիկոս էին կանչում։

Սուսուփուս իրեն գործին մարդ էր. ուրիշի ո՛չ խերին էր խառնվում, ո՛չ շառին: Իր կյանքում գյուղի ոչ մի գործին չէր մասնակցել, ոչ մի բանի մասին ձեն-ծպտուն չէր հանել։ Գյուղը թեկուզ տակնուվրա լիներ, աշխարհն իրար գար, Կիկոսի հոգը չէր. իրեն ինչ... Ի՛նչ ուզում է թող լինի։ Եթե որևէ մեկը նրա մոտ բորբոքված պատմեր ու բողոքեր մի անարդար բանի դեմ, Կիկոսը կամաց ղրաղ կքաշվեր, որ իսկի չլսի էլ, թե ինչի մասին է խոսքը։ Իսկ եթե ստիպեին, որ կարծիք հայտնի, նա գլուխը տմբտմբացնելով կասեր.

— Աշխարհիս ծուռ բանը հո ե՞ս չեմ դրստելու...

Կիկոսն ամեն բանից էլ ուներ, լծկան, կթան, ձի, ոչխար, մի խոսքով՝ այն ամենը, ինչ պետք է մի միջակ գյուղացու։ Տունը կառավարելու հոգսը կինն էր քաշում, խարջ ու պարտքի հաշիվը նրա ձեռին էր. Կիկոսը միայն դրսի աշխատանքին էր։ Տանն էլ ինչ ուզում էին անեն՝ առնեն ծախեն, դեն ածեն, թե տուն կրեն, միևնույն էր նրա համար, ձեն չէր հանի, ո՛չ խեր կխոսեր, ո՛չ շառ։ Միայն թե իրեն մի կտոր հաց տային ուտելու, պատռվածը կարկատեին ու մաշված տրեխը նորոգեին։

Ինքն էր ու էշը։ Երկուսն էլ համբերատար, երկուսն էլ լուռ, իրար նման, իրարից անբաժան։ Միմյանցից տարբերվում էին միայն արտաքին տեսքով։ Էն որ էշն էր, սիրուն էր, ինչքան էշը սիրուն կլինի։ Էն որ Կիկոսն էր, տգեղ էր ինչքան մարդ տգեղ կլինի։ Կիկոսի գլուխը երկհարկանի էր ու քառակուսի, ոնց որ երկու դդում տաշած, իրար վրա դրած: Ճակատը տափակ էր, եզան ճակատի պես, քիթը մեջքից կոտրած ու պինչը վեր ցցված՝ խոզի դնչի պես, քթածակերը