Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կիկոսը գիտեր միայն, որ աշխարհն աստված է ստեղծել, որ ինքը տարեկան երկու մատաղ պիտի մորթի ժամի դռանը, իր գործերի հաջողության ու իր մեռելների հոգու փրկության համար։ Էսքանն՝ աստծուն։

Գիտեր, որ կա թագավոր, որի հրամանով պետք է շարժվի ամեն մարդ, որ էդ թագավորի ծառաներն են ամենքը, և ինչպես ինքն էր բնորոշում.

— Մարդիկ թագավորի էշն են. երբ որ ուզի, կքշի ջաղաց, երբ ուզի՝ անտառ կտանի փայտի, երբ ուզի, բեռան տակ տնքացնելով սարը կուղարկի... Մի խոսքով՝ ինչ ուզի, էն էլ կանի։ Վերև, երկնքում աստված է, ներքև, գետնի վրա՝ թագավորը։ Սրանք են աշխարհի տերերը։

Դրա համար էլ Կիկոսը լուռ ու խոնարհությամբ կատարում էր այն բոլոր հրամանները, ինչ որ գալիս էր աստծուց՝ տերերի միջոցով, և թագավորից՝ քյոխվի միջոցով։ Կատարում էր առանց տրտնջալու, առանց բողոքելու, թեկուզ այդ հրամաններն ու պահանջները լինեին անիրավ, անարդար։ Եվ ինչպես ավետարանն էր հրամայում՝ «աստծունը տալիս էր աստծուն և թագավորինը՝ թագավորին»։

Կոռ էր լինում, Կիկոսը մեջն էր, մորեխ կոտորելու համար մարդ էր պետք, Կիկոսն էնտեղ էր, քյոխվի արտը հնձել էր պետք, Կիկոսը հնձվոր էր, մի հրաման պետք է ուղարկեին ուրիշ գյուղ, Կիկոսն էր տանում, ղուլլուղչուն ձի էր պետք, Կիկոսի ձին տանում էին, իրեն էլ ոտով ճամփա գցում, որ գնա ու ետ բերի։ Իրեն հերթն է, թե չէ, միևնույն է, Կիկոսը պետք է լիներ։ Իսկ թե պատահում էր, որ ուրիշ գյուղացիք էին նրա տեղը բողոքում, Կիկոսը հանգիստ պատասխանում էր.

- Բա էլ ո՞ր օրվա ռհաթն ենք, որ էս էլ չանենք։ Էն կոռին ինչ ասեմ, որ Կիկոսը մեջը չըլի...

II

Երբ հեղափոխություն եղավ, Կիկոսը հանդումն էր։ Իրիկունը էշն առաջն արած որ գյուղը մտավ, տեսավ՝ ողջ գյուղը աղմուկ-աղաղակ, իրարանցում, գոռգոռում էին,