Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անշառ մարդ ա. թող գնա իր բանին, թե չէ էս խալխը հենց կիմանա էստեղ մարդիկ ես մորթատում։

— Ո՛չ,— պատասխանեց սպան,— դեռ ամեն ինչ վերջացած չէ, սա պետք է արձանագրությունն ստորագրի, այնուհետև հատուկ երաշխավորով կարձակեմ տուն, որ տանիք դուրս չգա. սա պետք է տնային բանտարկության ենթարկվի։

Կիկոսն, իհարկե, ոչինչ չհասկացավ. նա միայն զարմանում էր, թե ինչու ափիցար աղեն իրեն չէր արձակում, ի՞նչ է արել ինքը...

Դուրսը աղմուկը հանդարտվել էր, բայց դրա փոխարեն մի այրող հետաքրքրություն էր մտել ամեն մեկի մեջ, որ հանգիստ չէր տալի ոչ ոքի։ Բոլորն էլ դիմում էին դեպի շտաբի սենյակի միակ լուսամուտը և ձեռներն ականջներից ցած բռնելով հենվում ապակուն ու նայում ներս, որ բալշևիկին լավ տեսնեն։

— Դե՛, պարոն ափիցար, դուրս արի էս խալխին ցրի, թող գնան իրանց բանին. մեկ էլ ոնց որ երևում ա, շատ են ուզում էդ «բալշևիկին» տեսնեն, դուրս բեր, թող թամաշա էլա անեն, հետո ինչ որ ուզում ես, էն արա,— ասաց քյոխվա Սարիբեգն ու քթի տակ ծիծաղեց։

Սպան, որ ջղայնացած, ծխախոտը վառած, ոտները գետնին թակելով ետ ու առաջ էր վազում, վտանգն արդեն անցած համարելով, որոշեց օգտագործել Կիկոսի «գերի ընկնելը», և ծառայեցնել նրան իբրև պրոպագանդայի նյութ ամբոխի վրա հարձակման դիմելով, ցույց տալ նրան իր կառավարության ուժը, պատմել նրա տարած հաղթանակների մասին և կոչ անել արթնացնելու ամբոխի հայրենասիրական զգացմունքը։

Նա պատվիրեց, որ տասը զինվոր շրջապատեն իրեն, օղակի մեջ առնելով Կիկոսին, քյոխվա Սարիբեգին և Ունանին։ Ամբոխը ճեղքելով նա անցավ մոտակա կալը և բարձրանալով մի ճռճռան տաբուրետի վրա՝ էսպես ճառեց.

— Հայրենակիցներ...

Խալխը իրար հրելով, հրմշտելով լցվեց կալը։

— Տա՛զ արեք, սո՛ւս կացեք,— լսվեց ամեն կողմից։

— Հայրենակիցներ, ձեր առաջ կանգնած է մի դավաճան, մի մարդակեր, հայրենիքի իսկական դավաճան, որ