Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լքելով մեր դիրքերը, անցել է թշնամու կողմը, բայց այդ դեռ բավական չի, այժմ էլ չի ուզում պատմել այն ամենը, ինչ տեսել ու լսել է այնտեղ։ Մեր վերջին գրոհը պսակվեց հաղթանակով. թշնամին չդիմանալով մեր քաջարի մարտիկների գրոհին, խուճապի մատնված՝ փախավ։ Մենք կհետապնդենք նրան, և վաղը երկաթուղու կայարանը մեր ձեռքին կլինի։ Ճանապարհները կբացվեն, քանի որ ինչպես արտը չի դիմանում սուր մանգաղին, այնպես էլ թշնամին չի դիմանում մեր հարվածներին։ Ես լսում էի, թե դուք ինչպես աղմկում էիք, թե պատերազմ չեք ցանկանում, մենք ևս չենք ուզում կռվել, միայն մեզ ենք պաշտպանում, հարձակվողները նրանք են։ Սակայն եթե ձեր մեջ դեռ չի մեռել ազատության գաղափարը, դուք պետք է իբրև մի սիրտ և մի հոգի, դիմեք դեպի պատերազմի դաշտը, դեպի դիրքերը, որպեսզի չգան ու ձեզ նորից գերի և ստրուկ դարձնեն։ Մենք կռվում ենք հանուն արդարության ու ազատության, և մեր կռիվը սուրբ է։ Մենք ուզում ենք ապրել լայն ու ազատ սահմաններով երկրում։ Կեցցե՛ կռիվը...

էստեղ մի քանի հոգի «կեցցե՛» տվին ու ծափահարեցին, որովհետև սովորել էին, որ անպատճառ «կեցցե», «ուռա» արտասանելիս հռետորին պետք է ծափահարել և արձագանքել։ Այս բանից ոգևորված, սպան հազաց, կոկորդը մաքրեց ու դառնալով դեպի Կիկոսը, շարունակեց.

— Ինչ վերաբերում է այս դավաճանին, սրան մենք կպատժենք անխնա կերպով. թող լավ իմանա ձեզանից ամեն մեկը, որ հեղափոխությունն իրեն հետ կատակ անել չի սիրում։ Տեսնու՞մ եք այս գլխարկը,— սպան կռանալով՝ Կիկոսի գլխից վերցրեց նրա գլխարկը,— մի՞թե մարդ կարող է այսպիսի գլխարկ ծածկել, ահա՜, նայեցե՛ք այս աստղին, այս եղջյուրին...

— Կիկո՛սն, ա՜, Կիկո՛սն ա՜, արա, սա մեր Կիկո՛սն ա։

— Բա որ ասում ի Կիկոսի նման ա՜...

— Հա՜, հա՜, հա՜, հա՜... էսքան ճառախոսությունը Կիկոսի՞ վրա էր...

— Արա՛, էդ մարդակեր հարամին դու ես ելել, Կիկո՛ս...

Սպային այլևս լսող չկար։ Կիկոսին արդեն ճանաչել էին, և ամեն մեկն ուզում էր մոտենալ և ստուգել, իսկ սպան