Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոտրված թռչունի պես «ականջները» կախ, կարմիր աստղը — աչքի պես ճակատից կպցրած, նայում էր տխուր-տրտում ու երբեմն քամու ուժով թևերը թափահարում, որից հաճախ վախենում էին սնոտիապաշտները, որոնք կարծում էին, թե «սատանայական գործ ա», մանավանդ որ՝ ձողի ծայրը շատ մոտ էր եկեղեցու փտած զանգատան հովանոցի պես շինած փայտե գմբեթին։

Սա, իհարկե, ափիցար աղի սարքած բանն էր, որն առավոտ-իրիկուն հենց որ նկատում էր, թե մարդիկ են հավաքվել գլխարկի շուրջը, դուրս էր գալիս շտաբից ու ճառ ասում:

Ինչ վերաբերում է գլխարկի տիրոջը, Կիկոսին, նա տնային բանտարկության էր ենթարկված. նրա մոտ ուրիշի մուտքն արգելված էր, որովհետև առաջին օրը, երբ Կիկոսը հանգստանալուց հետո, իր ունեցած խելքը հավաքեց, սկսեց պատմել Իվանի և առհասարակ «պոպոզավորների» մասին, նա, առանց հասկանալու, որ ինքը ակամայից դարձել է բոլշևիկ ագիտատոր, ոգևորված գովում ու գովաբանում էր «պոպոզավորներին», որի պատճառով ողջ գյուղը նրա տունը թափված, սրբի ուխտատեղի նման մտնում դուրս էր գալիս, ու ամեն մինն իր հերթին ավելացնելով ու ծաղկացնելով պատմում էր պատահողներին Կիկոսի տեսածների մասին:

Սկզբում սպան ուզեց անուշադրության տալ, շատ անգամ ասելով, որ Կիկոսի պատմածները սուտ են, հնարովի, բայց նա զգաց, որ ոչ ոք իրեն չի լսում, քանի որ ամենքը համոզված էին, որ Կիկոսն ինչ էլ որ լինի՝ սուտ երբեք չի խոսի: Ապա ափիցար աղեն ուզեց նորից բանտարկել Կիկոսին, բայց նրան հասկացնող եղավ, որ վատ հետևանք կունենա այդ քայլը, մանավանդ որ Կիկոսն այնքան անմեղ ու անշառ մարդ է ճանաչված, որ նրան հալածելը կնշանակեր ողջ գյուղն իր դեմ հանել: Ուրիշ ժամանակ որ լիներ, թեկուզ Կիկոսին մատաղի տեղ մորթեին էլ, ոչ ոք ձեն-ծպտուն չէր հանի, իսկ հիմի... Հիմի մի տեսակ ողջ գյուղի պաշտպանությունն էր վայելում: Այնուհետև ափիցար աղեն մտածեց Կիկոսին կոռի պատրվակով ուղարկել կենտրոն, այլ խոսքով՝ աքսորել նրան, բայց էս էլ հասկացվեց, և գյուղը մի մարդու պես բողոքեց՝ ասելով.

— Մենք քեզ Կիկոս չենք տալ, որ սարեսար, քոլեքոլ