Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու, կարծես իրար հետ պայման կապած, զենքերը ցած էին գցել և, հարմար առիթից օգտվելով, անցել էին բոլշևիկների կողմը։

Այս վերջին հանգամանքը մի կողմից սրանց մեջքը կոտրել էր, մյուս կողմից էլ գազազած շուն դարձրել, որոնք դիրքից սկսել էին կրակել «դավաճանների» վրա, մի քանիսին սպանել, մի քանիսին էլ, որոնք դիրքերում էին մնացել, զինաթափ արած ծեծելով հետները բերում էին ու հայհոյանք թափում թե՛ նրանց գլխին, թե՛ գյուղացիների:

Ինչպես երկնքում ծլկող աստղը, էնպես էլ դիրքից փախչող զորքի մնացորդները, ձին մտրակելով, ծածկվում էին գյուղի հորիզոնում, ետևից մի սև գիծ թողնելով, որն աստղի հետքի պես կորչում էր երկնակամարի վրա, վեր ցցված ձիու պոչի հետ:

Փախչող զորքի թնդանոթը շուտով որոտաց վերին սարի գլխին, որն աննպատակ արկ էր նետում դաշտերի վրա, որպեսզի փախչողները մի քիչ էլ է սրտապնդեն։

Արևն իր հրե թելերը կամաց-կամաց կծկում էր։ Ձորերը մի կողմի վրա թինկը տված սպասում էին, որ իրիկունն իր անկողինը փռի, դաշտերի վրայից էլ մի մեղմ քամի էր փսփսալով անցնում էն մոր նման, որը հոգոց հանելով իր վիրավոր որդու վերքն է սրբում, գլուխն օրորելով ու անիծելով էն մարդկանց, որոնք իր ջահել մատղաշ զավակին վիրավորել, մեջքը ոտնատակ տվել, տրորել էին, գլուխն արյունլվա արել, ոնց որ էն դաշտերում նոր ծլող արտն ու խոտն էին ձիու սմբակներից ու արկերից տրորված, ջարդված ու արյունլվա...

Գյուղը մնացել էր անտեր։ Գյուղի մեծամեծները փախել էին, քիչ թե շատ բան հասկացող մարդկանցից շատերն անցել էին բոլշևիկների կողմը, մի մասն էլ փախչողները հետները գերի արած տարել էին, իսկ մի մասն էլ, ով գիտի որտեղ էր գլուխը թաքցրել, որ ազատվի «խումբերի» ու ափիցար աղաների ձեռքից։ Կանայք էին մնացել ու ջահելներից մի քանի հոգի, որոնք բնից դուրս եկող բոռերի նման ղռբռում էին ու աննպատակ չափչփում գյուղի ցեխոտ փողոցները։