Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայհոյում էին քյոխվին, գզրին, պրիստավին ու մինչև անգամ թագավորին։

Պատերազմից վերադարձած մի քանի զինվոր հրամայում էին սրան-նրան, կարգադրություններ անում, իսկ աղա ու քեդխուդա մարդիկ մի կողմ քաշված սմքել, տազ էին արել ու խռոված երեխաների պես քթները կախել։

Տուն հասնելուն պես՝ կինը դիմացը ելավ ու սկսեց հանդիմանել.

— Կիկոս, գլուխդ մեռնի, ի՞նչ ես իշի անգաճումը քնել. գնա է, գնա գեղամեջ, տես ինչ խաբար ա, թագավորին թախտիցը գցել են, քյոխվին ու սուդյին բռնել, ծակուռն են կոխել. գնա մի ղուլլուղ էլ դու վեկալ, քանի՞ ըտհենց եսիր ու խեղճ մնաս։

— Ասում ես՝ թագավորին թախտից գցե՞լ են...— շշմած հարցրեց Կիկոսը...

— Հապա՞... աչքն էլ չեն հանե՞լ...

— Դե, գցել են, գցել, բալքի լավն էդ ա... Ես էլ ո՞ւր եմ գնում գեղամեջ. ինձ հո թագավոր չեն շինելու։

— Ա՛ հողագլուխ, թագավոր չես դառնալ, գեղի տեր կդաոնաս, դու կկառավարես։

— Բան ու գործդ կտրել ա՞, ա կնիկ, ես զոռով եմ գլուխս պահում, գե՞ղի հետ ինչ դավի ունեմ։ Առանց ինձ էլ կկառավարեն. արի քոմագ արա իշի բեռը վրիցը վեր ունենք, արի՛։

Կիկոսի կինը բարկացավ, մարդուն անիծեց, նամուսը ցեխը գցեց, ոտնատակ արեց, բայց ինչ օգուտ. Կիկոսն իսկի այնումն էլ չգցեց։ «Կնիկ ա, կասի-կասի, տազ կանի», վճռեց նա ու իշի համար գոմի կտերը մոխիր շաղ տվեց, որ թավիլ տա, մեջքը դինջացնի։

Մի շաբաթ էր՝ գյուղն իրարանցման մեջ էր։ Ժողովներ էին անում, ճառեր ասում, նոր մարդ էին ջոկում, որ գյուղը կառավարի, իսկ Կիկոսն իր իշի պոչից կպած՝ առավոտը հանդ էր գնում, իրիկունը տուն գալի։ Մեկ-մեկ միայն նա միտք էր անում, թե առանց թագավորի երկիրը ո՞նց կկառավարվի։ Նա իր քառակուսի գլխի ամեն քունջ ու պուճախը ման եկավ, պրպտեց ու տեսավ, որ գլուխն էդ անսովոր աշխատանքից, մտածելուց ցավում է, թարգը տվեց։