Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճիշտ է, թագավորը չկար, ասենք նրա եղած ժամանակն էլ Կիկոսը նրան չէր տեսել, միայն լսել էր, բայց աշխարհն էլի էն էր մնացել։ Քյոխվի տեղակ հիմի գյուղացիներից մեկն էր կառավարում, որին «նախագահ» էին ասում, իսկ գզրի անունն էլ «սուրհանդակ» էին դրել։ Էլի տերտերը ժամ էր ասում. կնշանակե, դեռ աստվածը կար, նրա «թախտը հաստատ էր». էլի հարուստները բրթբրթացնում էին, նրանց քեֆին կպչող չկար, ու էլի Կիկոսին էին կոռ ուղարկում, նրան էին բանեցնում։ Գյուղն էլի էն հին գյուղն էր, իր հին ադաթով, Կիկոսն էլ՝ էն Կիկոսը, իր էշով ու քառակուսի գլխով։ Մենակ մի բան լավ չէր, որ հիմի հարկերն ավելի էին շատացել, կաշառք ուտողները լցվել, ու շուտ-շուտ կռիվներ էին պատահում։

Գյուղի ճամփաները կապվել էին. ապրուստը դժվարացավ, նավթն ու շաքարը կտրվեց, դրսից ճոթ ու կտոր չէր ստացվում։ Գյուղը խավարի ու կարիքի մեջ տանջվում էր։ Բայց Կիկոսն էլի առաջվա պես լուռ ու հանգիստ իր բանին էր. «Բալքի լավն էս ա»,— մտածում էր նա։

Գյուղը բաժանվել էր երկու մասի։ Մարդիկ գազազել էին։ Սովն ու կարիքը ինչե՜ր ասես չեն անիլ...

էն որ տերտերն ու գյուղի առաջվա մեծամեծներն էին, նրանք թագավոր էին ուզում, էն որ կռվից եկած զինվորներն էին, նրանք հայհոյում էին թագավորին, որովհետև մեծ կռվին խառնվել էր ու էնքան ջահելների՝ որին կոտորել տվել, որին աշխատանքի համար անպետք շինել, ոտը կամ ձեռը կռվում կորցնել տալով, էն որ մնացած գյուղացիք էին, նրանք էլ մի գլուխ էն էին ասում՝ «Ով կուզի թող լինի, մենակ թե մեր ճամփեքը բաց անի, մենք Ռուսեթից հաց, ճոթ, նավթ ու շաքար ստանանք»։

Կնանիք էլ, որ մինչև էդ ժամանակ գյուղամիջից ամաչելով էին անցուդարձ անում, բերանները կապած, ոչ մի մարդու հետ չէին խոսում, հիմի նրանք էլ էին լեզու բաց արել ու համարձակ խոսելով, որն իր սպանված տղին էր ետ պահանջում, որն իր կորած ամուսնուն։ Գյուղն էնպես էր խառնվել իրար, որ մեծ ու փոքր չէր ճանաչվում. ով որ առավոտը վաղ էր վեր կենում ու գյուղամիջում բարձր գոռգոռում, էն օրը նա էր գյուղի կառավարիչը։