Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղազախի թուրքերը, որ մինչև մեր արտերը հասնելը մեզ հաց չտան, մենք կկոտորվենք, թե որ մենք էլ նրանց մեր սարերը չթողնենք, նրանք էլ էնտեղ կկոտորվեն։ Մենք էլ ենք ադամորդի, նրանք էլ, շատ էլ, թե մինս թուրք ա ծնվել, մեկէլս հայ, իսան ենք, պետք ա ապրենք, չէ՜... Մի երկու օրվա կյանքը խի՞ ենք սև անում... Դինջ ու սերով ապրենք էլի ... էդ եմ ասում, թեկուզ նեղանաս էլ, յա խելքը պակաս պառավի տեղ դնես... Թե ով ա մեզանից արդար, ով ա մեղավոր, էդ հողը կջոկի, մենակ թե իմ աչքովը տենամ, որ առաջվա պես ճամփեքը բաց, լեն ու ազատ գնում-գալիս ենք, մեր հարևանությունն էլ հաստատ ա, էլ մեռնեմ, դարդս չի։ Դե, ես պրծա, ասելիք չունեմ էլ, մնացածը դու գիդաս ու էս խալխը։

Ծերունին վերջացրեց իր խոսքը ու մեջքը պատին դեմ անելով չոփով սկսեց չիբուխի կրակը խառնել, որ ծուխը վարարի։

Մի քանի հոգի էլ դեսից-դենից հարցեր տվին, խոսեցին, բայց ամենքի ասածն էլ նույն երկու գլխավոր խնդրի շուրջն էր պտտում։ Նրանք միայն ավելի մանրամասնություններ էին ավելացնում և ավելի սարսափելի պատկերներ նկարագրում, թե ինչպես մեծ պատերազմից սկսած մինչև էդ օրը գյուղն անվերջ կռիվներից, սովից ու հիվանդություններից տանջվել ու քայքայվել է։

Ամենքն անհամբեր սպասում էին, թե ինչ կասի մեծավորը, որը գլուխը կախ լսում էր, ու երբեմն թափահարում, երբ լսում էր մեկմեկու ետևից պատմվող սոսկումների շարանները։ Նա կամաց գլուխը վեր քաշեց ու հաստատ, վճռական ձայնով ասաց.

— Խորհրդային իշխանությունը ձեր իշխանությունն է, այսինքն ձեր ծոցից դուրս եկած բանվորների ու էստեղ մնացած չքավոր գյուղացիների։ Այժմ մի բան կարող եմ հաստատ ասել, որ ձեզանից ամեն մեկը, տղամարդ թե կինարմատ, կարող է մեն-մենակ, ազատ գնալ կայարան, նրա մազին դիպչող չի լինի, ճանապարհը բաց է ու ազատ։ Եթե կուզեք՝ հենց էսօր փորձի համար կարող եք մի քանի հոգի ուղարկել մեր մարդկանց հետ կայարան, որոնք նավթ, աղ ու ալյուր են բերելու զորքի համար։ Էս մի հարցը վճռված