Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է։ Ինչ վերաբերում է մյուսին, որ պատերազմ այլևս չլինի, մենք հույս ունենք, որ մինչև մի երկու ամիսը դուք այլևս ոչ մի հրացանի ձայն չեք լսի։ Ինչպես դուք եք կռիվներից բեզարել, այնպես էլ ձեր հարևան թուրքերը. և որովհետև իշխանությունը ձեր ձեռքին է, և դուք էլ կռիվ չեք ուզում, պարզ է, որ այլևս կռիվ չի լինի։ Կապրենք, կտեսնենք։ Իսկ այժմ դուք պետք է ձեր միջից մարդիկ ընտրեք, որ գյուղը կառավարեն։ Ընտրեք էն տեսակ մարդկանց, որ ոչ գող–ավազակ լինեն, ոչ կռվարար-խառնակիչ, ոչ էլ նախկին տանուտեր կամ ստրաժնիկ, կամ թագավորի հին ծառայող, ղալլուղչի։

ժողովը վերջացած էր. ամենքի դեմքը պայծառ փայլում էր։ Մեծավորը մտավ շտաբի սենյակը, իսկ գյուղացիք սկսեցին սովորական աղմուկով խորհրդակցել, թե ով պետք է լինի գյուղի նոր կառավարիչը։

XI

Խորհրդային իշխանության առաջին բջիջն էր կազմակերպվում գյուղում՝ Հեղափոխական կոմիտեն կամ, ինչպես էն ժամանակ էին ասում, ռուսերեն կրճատ ձևով՝ Ռևկոմ։

Ծերերը չէին մասնակցում խոսակցությանը, որ պտտվում էր Ռևկոմի ընտրության շուրջը, իսկ եթե պատահում էր, որ կարծիք էին ուզում իմանալ, պատասխանում էին.

— Մեր դովրանը[1] անց ա կացել, հիմի ձերն ա գեղն էլ, նրա ցավն էլ, ում ուզում եք, ջոկեցեք, մենակ հենցին ջոկեցեք, որ գել չդառնա, էս գեղն ուտի։

Ջահելները կանգ էին առել Կիկոսի վրա, որն էդ միջոցին իրեն տանը Իվանին ձվածեղով էր հյուրասիրում և իսկի միտք էլ չուներ խառնվելու որևէ գործի, թեև կինը ամառվա շոգին ծառի ծերին թառած ճեճենի[2] նման ճտճտում էր ու համոզում մարդուն, որ «գեղի տերը» դառնա։

— Տղերք,— ձայն տվեց ջահելներից մեկը,— Կիկոսից հարմարը չկա, հրեն մի հոգու էլ տարել, ղոնաղ ա արել։

  1. ժամանակը։
  2. Ճպուռ։