Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կիկոսը մի առ մի պատմեց, զարմանալով՝ նախ, որ իր անունը «դավթար ա ընկել», երկրորդ, որ էս անծանոթ մարդիկ ամեն բան գիտեն, ամեն մարդու ճանաչում են, ու թե որ «մուկն իր պոչը հանդում ժաժ տա, սրանք էստեղ արդեն տեղեկություն կառնեն», ոնց որ ինքն էր պատմում կնկանը։

Կիկոսին երկար չպահեցին, միայն սաստեցին, որ առայժմ տանից չհեռանա, որովհետև քննության համար կարող է պետք գալ, և շատ էլի էնպես բաներ ասացին, որից Կիկոսը բան չհասկացավ։

— Հրաման քեզ, հընգեր, տանից թե ոտս դուս դնեմ, թող երկու ոտս էլ փշրվեն, որ հրամայեք, Կիկոսը հաց էլ չի ուտիլ, մի ղալաթ ա՝ արել եմ, ես չէի գիդում, թե էդ գլխամեռ և-ևս-ի հետ չի կարելի խոսել, հիմի որ հրամայում եք, ո՛չ կխոսեմ, ո՛չ կլսեմ։

Կիկոսը տանը նստած կնկանը պատմում էր իր գլխին եկած փորձանքի մասին, երբ ներս մտավ նրա աներձագ Ունանը և պատմեց, թե ինչպես կոնտրիկները բունտ են սարքել բոլշևիկների դեմ, և թե ինչպես այժմ կռիվներ կան Երևանի մեջ ու նրա մոտերքը...

— Ունան ջան, հո վնաս չի գալ,— կես վախեցած, կես սարսափած հարցրեց Կիկոսը։

— Կարող ա գա, թե որ բալշևիկը հաղթի ոչ։

— Հեդով էդ կըլի՞ ո՜ր...

— Իմ գիդալով դա անկարելի բան ա, չունքի հիմի խալխը դիփ բալշևիկի կողմն ա, հենց ինքը բալշևիկ ա, էլ «խումբերը» կարող չեն գան, նամանավանդ, ոնց որ սուդյա Գալուստն ա ասում, թե որ էս մեր կոնտրիկներին ու մի երկու ղաչաղ գյադա կան, նրանց էլ բռնոտեն ու մի «և-ևս» անեն, ոնց որ քու բարեկամ Եփրեմն ա ասում, այ էն վախտը թամամ կազատվենք, ու «գառն ու գելը իրար հետ կարածեն»։

Ունանը էլի շատ բաներ պատմեց, բայց ամենից զարմանալին, որ Կիկոսի վրա շատ ազդեց, այն էր, որ Ունանը նկարագրեց մի նոր տեսակի մարդկանց, որոնց «չեկա» էին ասում, թե ինչպես նրանք ամեն բանի տեղ գիտեն, ամեն մարդու ծնված օրից մինչև մահվան օրը կատարած գործերը գրած ձեռներին ունեն, և որ նրանց ձեռից ինքը` առերևույթ սատանան էլ չի կարող ազատվել։