Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Յանի հիմի՜... — շշմած հարցրեց Կիկոսը,— էս տանը որ մենք զրից ենք անում, նրանք տեղեկություն ունե՞ն...

— Հա՛, բա՜ս... Ով գիդա հիմի էս տան կտերը կամ դռանը կանգնած մեզ ականջ կախած լսում են, թե ինչ ենք խոսում,— վստահ պնդեց Ունանը։

— Հիմի քու ասելով էն օրը ես որ հանդումը զրից արի, նրանք տեղեկություն ունեն, էլի՛...

— Ունեն, բա՜ս, ունեն, քամին էլ ա նրանց խաբար տանում...

Եվ Ունանը հրաշքներ պատմեց «չեկայի» մարդկանց մասին, է՛լ ավելի սարսափեցնելով Կիկոսին, որի թուքումուքը ցամաքել էր, լեղին ջուր դառել։

Էս խոսակցության միջոցին էր, երբ ներս մտավ յաչեյկա Դավիթը ու հայտնեց, որ սուդյա Գալուստին ու և-ևս Եփրեմին տարել են «կետրոն» ու իրանց պես կոնտրիկների ու մի քանի ղաչաղ գող-ավազակների հետ «և-ևս» են անելու, ապա Ունանին աչքով անելով ավելացրեց.

— Կիկոսին էլ ուզում էին տանեն և-ևս անեն, համա մեջ ընկանք համոզեցինք, թե չէ... բանը պրծած էր...

Կիկոսը կայծակնահարի պես սփրթնած, դարձավ դեպի Դավիթը և լեզուն ծամելով թե՝

— Դավիթ ջան, խի, ղադաղա՞ ա, որ Եփրեմի հետ զրից անեմ։

— Ղադաղա ա, բա՜ս, ամեն կոնտրիկի հետ զրից անելը ղադաղա ա։ Նրանք կապ ունեն «խումբերի» հետ, ուզում են, որ էլ ետ նրանք գան էս գեղը, տակնուվրա անեն, կովդ գոմից դուս քաշեն, մորթեն, էս խալխի տունն ու տեղը մուրտառեն, կնկանդ ու աղջկանդ ձեռք գցեն։ Դու էդ բանին համաձա՞յն ես...

— Չէ՜...

— Չէ ու չոռ, բա նրանց հետ ի՞նչ բան ունես,— վրա բերեց Ունանը,— գիդում չե՞ս, որ նրանք էս գեղի կծոտող շներն են...

Գեղամիջում մի աղմուկ բարձրացավ, որն ընդհատեց Դավթի և Ունանի խոսակցությունը, որոնք դուրս գալով իմացան, որ Կարմիր բանակը կրկին քշել է խռովարարներին և է՛լ ավելի ամրացրել խորհրդային իշխանությունը։