Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«համփա-իշխան» մարդկանց հողերն էլ առնվեն տրվեն խեղճ ու անհող գյուղացիներին։ Այս վերջին պահանջն ավելի հրամայական ու խիստ կերպով էր դրվում մանավանդ այն պատճառով, որ գյուղի նախկին տերերը օրենքի ուժով զավթել էին ամենաբերրի ու ջրովի հողերը, ու էն ժամանակ, երբ գյուղը գալարվում էր սովի ճանկերում, երաշտի բաժին անելով իր արտերը, գյուղի տերերից սկսած մինչև «համփան» ամբարները ցորենով լիքը ծախում էին սրա-նրա վրա կամ խեղճ գյուղացուն «փոխ» էին տալիս, մեկին երկու ետ ստանալու պայմանով։

Գյուղի նորաստեղծ հողային հանձնաժողովի դիմումին կենտրոնից պատասխանել էին, թե առայժմ ընդհանուր հողաշինարարություն չի կարելի անել, բայց իրավունք է տրվում տեղական ներքին հողաբաժանում կատարել։

Գյուղն իրարանցում ընկավ։ Նախկին բեգերից մնացած թափթփուկները, զոռբաները, նախկին քյոխվաները, սրանց գործակից գյուղական դատավորները, դեռևս ցարական Ժամանակից մնացած խունացած մունդիրները հագին նախկին ստրաժնիկներն ու սրանց պես էլի մի քանի հոգի աղմուկ-աղաղակ էին բարձրացրել այդ «ապօրինի» որոշման դեմ և ձայները գլուխները գցած՝ գոռում-գոչում էին, թե իրենք կմեռնեն ու իրենց «պապական հողը» ձեռներից չեն տա։ Բայց շուտով սրանց ձայները կտրեցին։ Սրանցից շատերը արդեն ձայնազուրկ էին, մնացածներին էլ միացրին, ձայնազուրկ արին և անցան ներքին հողաշինարարական աշխատանքներին։

Կիկոսն այս ամենի մասին լսում էր միայն իր կնոջից, երբ իրիկունները հանդից տուն էր գալիս։ Թազագյուլը պատմում էր ու անիծում անցյալը՝ թագավորից սկսած մինչև քյոխվա Սարիբեգն ու տերտերը, որոնք խեղճ ու կրակ գյուղացիների հողերը զավթել, նրանց ճորտ էին շինել։

Կիկոսի կին Թազագյուլը մի տարում էնպես էր հեղափոխվել, որ էլ ճանաչել չէր լինում։ Նա՝ հակառակ Կիկոսի կամքի, մտել էր կին-բաժին, այնուհետև իր «պառավ հալովը», ինչպես Կիկոսն էր ասում, տանը նստելու տեղ՝ մտել էր լիկկայան, գրագիտություն սովորելու ու էդ դեռ բավական չի, հիմի էլ ինչ-որ լրագիր էր ստանում, ինչպես ինքն էր