Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում — «կնանոց կազեթը», որի համար Կիկոսը շատ էր բարկացել, թե կնիկը ծախսերի նոր դուռ ա բաց արել, մանավանդ որ Կիկոսը չէր հավատում, թե կնկա կազեթը մի բանի նման կլինի։

«Կնիկն ինչ ա, թե իրան գրած կազեթն ինչ ըլի»,–ասում էր Կիկոսը, գլուխը թափահարում, բայց շատ էլ չէր ուզում խառնվի կնկա գործերին, որովհետև մի անգամ յաչեյկան կանչել էր նրան ու սաստել, որ Թազագյուլի արարքների մասին Կիկոսը ձայն–ծպտուն չհանի։

Մի իրիկուն էլ, երբ Կիկոսը տուն եկավ, կինը շատ ուրախ, գրեթե թռվռալով դիմացն ելավ ու աչքալույս տվեց.

— Ա՛ տղա, որ իմանաս թե ինչ ա պատահել, կասես, որ ծափ տամ ու պար գաս,— դիմեց Թազագյուլն ու քիչ էր մնում փաթաթվի մարդի վզովը, մի բան, որ իսկի չէր պատահել Կիկոսի կյանքում։

— Ի՞նչ ա, ա՜ կնիկ, աղջկանդ համար խնամախոս ա եկել, որ ըտենց ծուլ-ծուլ ես ըլո՞ւմ, թե՞ կովը ծնել ա...

— Չէ՛, չէ՛, արևդ ապրի, ջրովի հող են տվել մեզ, ջրովի հող ... բաղ ու բոստան պտեմ քցիլ Խաչի տակի հողումը։

— Ի՞նչ Խաչի տակի հող..

— Ա՛յ, Սումբաթովանց Վանո-բեգի ջրովի տափը մեզ են տվել։

— Սումբաթովանց հո՞ղը... — ծոր տվեց Կիկոսը։

— Հա՛, Սումբաթովանց, էն մի օրավար լեն ու բոլ ջրովի հողը։

— Ո՞վ ա տվել։

— Գեղականը, յաչեյկան, հողկոմը...

— Բա էն խալխի հողը ձեռներից առել մեզ են տվե՞լ...

— Հա, էլի՛, հա՛, նոր ես քառացե՞լ, լավ չես իմանում ինչ եմ ասում...

Կիկոսը թերահավատությամբ գլուխը բացասաբար շարժեց և դառնալով կնկանը, թե՝

— Քոմագ արա, էս իշի բեռը վեր ունենք, իշի՛ բեռը։ Հող չէ՛ մի պոզեր։ Խի՛, Վանո-բեգը մեռե՞լ ա, թե նրա ժառանգն աշխարհի երեսից կտրվել ա, որ հողը Կիկոսը վարի, էդ ըլելու բան ա՞, որ ասում ես... Շաշ խելքիդ ձուն գա, քեզ խաբել են, տնազ են արել։