Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


անկողնին մեջ: Երեսուն տարու չկար դեռ հեք տղան և սակայն մազերը ալևոր էին բոլոր: Աչքերը, որ ջերմեն կը փայլեին, փոսը ինկած էին. դիակի դեղնություն մը ծավալած էր իր խոռոչացած այտերուն վրա. դրան առջև՝ իր երկու տղաքը, պզտիկ շալվարներ հագած, երկու պզտիկ փոթուրլըներ, կը խաղային իրենց տարիքին անգիտակից ու շքեղ անփութությամբը:

Մայրերնին՝ գույնը նետած պասմաե շրջազգեստի պես բան մը հագած էր. իր սև ու հին յազմաեն՝ որ այրիի մը երևույթը կուտար անոր՝ առատ մազերը կը թափեին դուրս ճակտին վրա ու կռնակեն մեջքը կը հասնեին:

Մաքուր հայերենով մը, որուն մեջ զիս զարմացնելու անմեղ պչրանքը զգացի, խոսեցավ հետս, իր էրկանը կարոտ վիճակը պարզեց, ամուսնացած օրեն օր մը դեռ հանգիստի երեսը տեսած չըլլալը խոստովանեցավ:

Հիվանդությունը հյուծախտ մը՝ սնունդի անբավականութենե ու բարոյական հողերե առաջ եկած, օր օրի կը հալեցներ անոր տկար ույժերը ու դյուրավ գուշակել կուտար վախճանը որ մոտալուտ էր:

Իմ հոն երթալես ութ օր վերջը մեռավ անիկա, մահ մը որ փրկություն մըն էր գրեթե անտանելի թշվառութենե և մը. իր կարճատև կյանքին պես աղքատիկ ու անշուք եղավ իր թաղումը. ես, մեկ երկու պոլսեցիներ որ դիպվածով այդ կողմը կգտնվեինք, հուղարկավոր գացինք իրեն մինչև գերեզմանատունը որ անոնց տանեն շատ հեռու ալ չէր: Գեղացիներեն հազիվ չորս հինգ հոգի, որոնց մեջ շորպաճիներեն մեկը, երիտասարդ մը, զոր ճանչցուցին ինծի. Օհանճան աղան:

Համեստ, գրեթե ամչկոտ մեկը, որ իմ մոտս գտնվելուն, ինծի հետ խոսելու համարձակելուն համար կարծես թե ներում կը խնղրե:

Խապա մարդեր ենք մենք, կ՚ըսե ինծի, մեր ըրածին խոսածին մի նայիր, մենք ուսումնական չենք. փոթուր կը հագնինք, եմենի ունինք ոտքերնիս:

Պակասություն մը խոստովանելե ավելի, լուռ բողոքի, գանգատի պես քան մը կա այս խոսքին մեջ որ միտքս կը