Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


չարչարե։ Շուտով կը բարեկամանա հետս ու վերադարձին՝ ճամփունուս վրա իր գործատունը կը հրավիրե, խոզակի գործատուն՝ թթենիի պարտեզներով շրջապատված՝ զոր հաջողությամբ կը բանեցնե:

Մեկիկ մեկիկ քովի արտերը, հողերը կը թվե ինծի, անոնց բերքը, հասույթը կը բացատրե, բոլոր իր սեփականությունը, որուն վրա արդար ու համարձակ հպարտությամբ մը կը պարծենա։

— Ես ռենչպերութենե առաջ եկած եմ։

Կը գովեմ իր հաջողությունը, այնքան սիրահոժար, որքան Օհանճան խոնարհ ու ստորին աստիճանն մը տակավ բարձրանալով ձեռք բերած էր զայն։

Իրիկվան, իր տունը ճաշի կը հրավիրե զիս. կը մերժեմ. բայց անիկա կը թախանձե ու օձիքս չի թողուր. չեմ կրնար իր այսքան հյուրասիրությանը դեմ համառիլ. մանավանդ որ պարզուկ բայց ազնիվ սրտի տեր մեկը կ՚երևա ինծի։

Տունը էն աղվորներեն մեկն է գեղին մեջ. ծովեզերքը տանող կառուղիին վրա կը նայի ու գեղեցիկ պարտեզի մը մեջ շինված է. ընդարձակ շենք մը որուն մեջ իրմեն զատ մայրը կա միայն, դեռ կորովի կին մը, աշխատասեր ու խնայող հայուհիի տիպար մը։

— Բարի եկաք, կ՚ըսե ինծի։ Օհանճանս միսֆիրը, կը սիրե, կը մեծարե. բարի եկաք։

Քիչ մը կը մտերմանամ հետը ու կը հարցնեմ թե ինչո՞ւ մինչև հիմա հարս մը չունի տանը մեջ։

— Օհանճանիս հարցո՛ւր, կը պատասխանե ինծի։

Բան մը չեմ հասկնար ասկե, ուրիշ խոսքեր վրա կը բերեն. հին ու նոր պատմություններ կը պատմեն ինծի։ Ճաշեն վերջը, դրացիներ կը հավաքվին ու մինչև կես գիշեր կը զբոսնունք։ Գիշերը ես կը դառնամ այն տունը՝ ուր այս գյուղը անցուցած բոլոր միջոցիս հյուրընկալված եմ։

Հետևյալ առտուն այնտեղ պատմեցին ինծի Օհանճանին պատմությունը, իր մերժված սերը, մինչև հիմա ամուրի մնալուն գաղտնիքը։