Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


զինքը: Դպրոցական դասընկեր մըն էր ատենով, հիմա կարևոր դիրքի տեր երիտասարդ վաճառական մը, քոմիսերի ժապավենը կուրծքին, որ ամենքը կը ճանչնար այստեղ և հարմար ու պատշաճ խոսքով մը ներկայացուց զինքը.

— Տիկին, տաղանդավոր բանաստեղծ մը, Հակոբ Դավիթյան, գիտեմ որ բանաստեղծները կը սիրեք և համարձակեցա ձեր մոտ բերել զինքը։

Ու երիտասարդին դառնալով

— Տիկին Հովսեփյան։

Տիկինը դիտեց զինքը՝ ուշադիր ու հետաքրքիր՝ ոտքեն մինչև գլուխը, փողկապը, կոշիկները, ձեռնոցը, սրամպուլինը, որոնք բանաստեղծի մը համար, բավական շնորհքով թվեցան: Մյուսը թողուց զիրենք։

Իրենց խոսակցությունը պարահանդեսի սովորական բանաձևով սկսավ.

— Աղեկ բազմություն կա այս գիշեր։

— Այո՛, տիկին։

Երջանկության սրտադողին մեջ չկրցավ բառ մը ավելցնել, վախնալով որ ապուշ խոսքով մը իր բանաստեղծի ենթադրյալ նրբամտությունը ի դերև չհանե։

Լռությունը կը շարունակեր ու ծաղրելի կը դառնար։

Տիկին Հովսեփյան սկսավ նորեն.

— Գյո՞ւղը կը նստիք։

— Ոչ, տիկին, Փերա կը բնակիմ։

Կը թոթովեր. անիմաստ խոսքեր պիտի ըսեր անշուշտ։

— Լսած եմ ձեր անունը, ավելցուց վարանելով, իբրև թե խոստովանություն մը ըներ, ձեր գրությունները միշտ կը կարդամ ու միշտ հաճույքով։

Երիտասարդը իր գրագետի ամենեն դյուրազգած թելին մեջ արթնցավ։

— Իմ գրություններս ինձմե երջանիկ են ուրեմն։

Այս քոմփլիմանը առաջինն էր զոր ըրավ սրտատրոփ ու դողդոջուն, աղեկ մը չգիտնալով թե տե՞ղն էր արդյոք։

Փոլքա մը կը զարներ երաժշտությունը, պարի հրավիրեց ու պարեցին. թույլ, հոգնած կը թվեր իր ընկերուհին, մարմնեղ