Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կին մըն էր ու երիտասարդը կը զգար իր սրտին վրա անոր ինքնամատույց լանջերուն հարույցքը. հետո պարի շրջաններեն, սրահին տաք օդեն ու իրեն հենող մարմնին այս ջերմութենեն գլուխը դարձած, մոռցավ որ հազիվ կես ժամե ի վեր կը ճանչնար այս կինը, հանկարծ իր հանդուգն ու ձեռնարկող իղձերուն բոլոր սաստկությամբը շրջապատեց այս մարմինը. չբողոքեց. փոլքան՝ վերջանալու մոտ՝ ալ ավելի կը շտապեր հիմա, իր ուժգին նվագներովը, և կը դառնային ջահերուն ցոլացումներուն մեջ, գրեթե չդպչելով գետնի տախտակամածին, եթերային պար մը. ընկերուհին իր լռությունը կը պահեր, բայց երկար արտևանունքին տակեն ակնարկը կը խոսեր հստակ ու պայծառ, ակնարկ մը որուն մեջ կը դներ իր անձնատուր ու հաճույքե նվաղելու պատրաստ ոգին:

Երաժշտությունը դադրեցավ, ու ստիպված կանգ առին ալ, հազիվ կարենալով ուղիղ կենալ ոտքի վրա. տիկին Հովսեփյան իրեն կը հենուր բոլորովին վաստակաբեկ ու մեղկացած, իբրև թե այս պարին հեշտությամբը խորտակված ըլլար. և իր թևովը կը սեղմեր երիտասարդին բազուկը, այս պարով վայելած հաճույքնուն իբրև մեկ մնացորդը և իր տարփոտ կնոջ հպումովը սփոփելով անոր սիրատենչ պահանջումները։

Հետո ուրիշ երիտասարդներ հրավիրեցին զինքը, ու Դավիթյան հեռվեն, պարողներու ու դիմակավորներու բազմության մեջ, շարունակեց դիտել զինքը և զարմացավ որ ուրիշներու հետ պարած ատենն ալ միևնույն սիրահալ նվաղումներով, մարմնի միևնույն ընծայումներով կը վարվեր։

Առտուն, փողոցին մեջ, այս էր դեռ իր միտքը զբաղեցնող պատկերը որ հիմա հետադարձ նախանձով մը սիրտը կը կեղեքեր, մինչդեռ ձյունը կը շարունակեր գալ գորշ ու ամպամած երկինքեն, դանդաղ, վարանոտ, ծայրանաձև գիժերով, և երկինքի այս ձյունաթույր սպիտակությունը սիրահոժար կուգար տարածվելու հողին վրա և իր սպիտակ կուրծքը հանձնելու անցորդի մը գարշապարին, ոչ ցեխը և ոչ աղտը չէր կեցներ զինքը. ու հաճույք կը զգար կարծես այսպես ոտքերով տակ տղմաթաթավ հեծեծելուն և ճզմվելուն մեջ։