Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Գ.

Ուսուցիչ ու բանաստեղծ էր միանգամայն, գավառացի նիհար ու վատառողջ տղա մը, այս Դավիթյանը, որ կասկածոտ, համառ ու խնայող մարդու կենցաղովը իր դրսեցիի ծագումը կը պահեր:

Փերա, Քալիոնճու-Քուլլուքի տուներեն մեկուն մեջ, ուր իրեն պես դեռ քանի մը ամուրի երիտասարդներ կը բնակեին, սենյակ մը վարձած էր, իր բոլոր տունն ու տեղը. և իր մայրենի լեզվի դասախոսություններեն զզված, քերականության կանոնները հազարերորդ անգամ ավանդելե ձանձրացած, գրգռված, հուսահատ, կը դառնար իր սենյակը ու իր հավաքած փոքրիկ դրամագլխովը ուրիշ գործ մը փնտրելու, ապագա մը պատրաստելու մտադիր. այս ակնկալությամբ, առանձին մնացած ժամերուն, քերթվածներ գրելով կ՚անցրներ ատենը։

Փերան կը սիրեր՝ իր մարդաշատ տուներուն, մեծ փողոցին, քարուկիր ու բազմահարկ շենքերուն, աղմկալից կյանքին համար, այս բազմութենեն ու ժխորեն կ՚ախորժեր, ու իրիկունները իր սովորությունն էր, ելլել դուրս, եղեգնյա փոքրիկ գավազանը ձեռքը, իր բանաստեղծի լայն ճակատը բացած, Կալաթա-Սերայեն մինչև Թարսիմ շրջան մը ընելու, ման գալու, ինչպես կ՚ըսեր ինք, ու կիներու այս մեծ շուկային տեսքը, այս վաճառիկ հրապույրները վայելելու։

Այս հարուստ արվարձանը հազար ներշնչումներով լեցուն էր իր աչքին, և կ՚ուսումնասիրեր զայն իր դուրսի զվարճության երևույթին տակ և ներսի մոլության ու ապականության սարսուռներուն մեջ։

Օր մը, հանկարծ, հրատարակության տվավ իր քերթվածները. իր Վերջալույսի ցոլքերը նորություն մըն էր. ոչ ծաղկի խոսք կար հոն, ոչ արևի և ոչ սոխակի, այս ցոլքերու լույսովը ինքը ցույց կուտար մեծ քաղքի մը ստվերամած փողոցները, այդտեղի կյանքը իր հարափոփոխ միօրինակության մեջ: Բնապաշտ քերթող մը եղավ ու հաջողեցավ. հայ տիկինները որոնք գրականությամբ կը զբաղեին, հետաքրքրվեցան,