Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Դ.

Վերջապես միջոց մը գտած էր երթալու Հովսեփյաններուն տունը, տիկնոջ չորեքշաբթի օրվան երեկույթներուն, որոնց սովորական հյուրերը զարմացած կը նայեին այս նորեկին երեսն ի վեր։

Այս տանը մեջ երիտասարդը ուսուցիչե ավելի բանաստեղծ մըն էր. և բանաստեղծե ավելի՝ ոսկեհեր մազերով, խանդավառ խոսվածքով տղա մը որ իր սիրահարի ձևերը չէր գիտեր ծածկել նախանձոտ աչքերե։

— Վարժապե՜տ մը, կ՚ըսեին տիկնոջ մտերիմները։

— Ի՞նչ փույթ, կը բավե որ սիրուն տղա մըն է։

Տիկին Հովսեփյան, իրեն շուրջը դարձող պեյերեն ու էֆենտիներեն ձանձրացած կը թվեր ու նոր պատմություն մը կը սկսեր։ Ապաքեն միշտ սիրած էր նոր պատմությունները: Համբավավոր ընտանիքի մը կը պատկաներ, վերջերս ինկած բայց պահող միշտ ճոխ ու փարթամ կյանքի վարժությունը:

Իրենց հարստության սպառելուն հետ իր ամուսնության համար երազած փառատենչ ակնկալությունները պակսած էին. դեսպան մը, պետական բարձր պաշտոնյա մը փափագած էր ամուսին ունենալ, հետո առաջին քարտուղարով մը պիտի գոհանար, վերջ ի վերջո Հովսեփյան Պողոս էֆենտիին հետ ամուսնացած էր, հարուստ երիտասարդ մը, հորը մեկ հատիկ որդին որ աֆիոնի և բամբակի առևտուրով կը զբաղեր, մեծ դժվարություններ քաշեց համակերպելու համար իր նոր դիրքին. վաճառականը իր հաշվի, տետրակի, աֆիոնի խոսակցությամբը, իր մաղազաի մարդու կենցաղովը գռեհիկ ու ստորին