Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Տիկինը ամեն բարեպաշտական ու բարոյական ընկերություններով անդամակիցն է և բերնեն վար չի ձգեր — միշտ տարօրինակ կերպով նմանելով մեր մամուլին մեկ մասին — բարոյականը ու կանացի պատիվը, և իր հեք էրիկը նվաճելով իր անցյալ քաջասրտությանը մեծության քեռին տակ։ Ո՛ղորմելին՝ ամուսին մը չէ այլ ծաղկոցի աշակերտ մը. պզտիկ դիմադարձության մը կամ անհաճո բանի մը համար տիկին Մոնկոտեն զինքը կը պատժե, քսան էջ գիր գրել կուտա, կը բանտարկե և որ ավելին է, շաբաթ մը, երկու շաբաթ կը զրկե պտուղե, անկե՝ որուն համար մեր նախահայրը Ադամ, կըսեն թե Եվայեն ուզելով խաբվեցավ։

Արդ, տիկինը քեռորդի մը ունի օրիորդ Լյուսիեն, որ Փարիզեն եկած Ֆուժըռոլ անունով երիտասարդ նկարիչ մը կը սիրե և անկե կը սիրվի, բայց տիկինը ասոնց ամուսնության չի հաճիր բնավ։ Փարիզեն եկող մը, մանավանդ նկարիչ մը իհարկե անբարոյական ու անառակ կըլլա, և պարկեշտասուն տիկին Մոնկոտեն որոշած է Լյուսիենը ամուսնության տալ Սավինյաք անունով մեկու մը որուն ինքը կը հավնի և որուն օրիորդը չի հավնիր բնավ։

Իսկ պարոն Մոնկոտեն թեև կը փափագի Լյուսիենը սիրած մարդուն հետ ամուսնացնել բայց կնոջմեն այնքան կը վախնա որ չի համարձակիր բերանը բանալ անոր դեմ։

Այս միջոցին է որ Պենկալին, փարիզցի երգչուհի մը, իրեն ձգված մեծ ժառանգության մը շնորհիվ, կանոնավոր կյանք մը անցընելու համար Փարիզեն Ալանսոն եկած է բնակելու և դրացի է պ. Մոնկոտենին որ իր հրապույրներուն չի կրնար դիմանալ. Պենկալին ալ Ֆուժըռոլը Փարիզեն կը ճանչնա ու կը սիրե և Ալանսռնի մեջ հանդպելով անոր նորեն ձեռք ձգելու կաշխատի. բայց նկարիչին սիրտը միշտ Լյուսիենին հետ է, այնպես որ երբ Պենկալին անոր տունը ետևեն կերթա, անիկա կը ձգե կը փախչի, բայց իր տեղը կը ձգե հոն պ. Մոնկոտենը, որ վերջ ի վերջո կը բռնվի իր կնոջմեն ճիշտ այն վայրկյանին երբ փարիզցի երգչուհին իր բոլոր կախարդիչ հրապույրներովը զինքը զգլխած էր։