Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեցվիլ նորեն։

Ե.


Տունը՝ ուրախ ու զվարթ էր. աղջիկները իր վիճակին վրա տեղեկություններ կ՚ուզեին երբեմն․ գուշակություններ, նախազգացումներ ունեին իրենց ներսիդին։

— Գործերը ինչպե՞ս են, հայրիկ,— կ՚ըսեր անդրանիկը.

Ու կրտսերը՝ կապույտ աչվի, շուշանաթույր աղջիկ մը որ ճիշտ մորը պատկերն էր։

— Այսչափ ուշ մի մնար։

Հայրը կը խնդար, ո՛չ, գործերը գեշ չէին երթար. առտուծով ասկե վերջը ավելի պիտի բացվեին։

— Վաղը կանուխ եկու, և մեզ պտտցնելու տար։ Ու ողորմելի հայրը կը խոստանար, ամեն բան կը խոստանար, կանուխ պիտի գար ու պտտցնելու պիտի տաներ այս հեք զրկյալ որբերը, որոնց էն աղվոր տարիները չքավորության մեջ կ՚անցնեին. երևակայացեք ուղևորություն մը որուն էն գեղեցիկ տեսարանը թյունելի մը անցքը ըլլա մութ ու քարակոփ պատեր, և որուն մյուս ծայրեն սպասված լույսի շառավիղը չտեսնես երբեք։

Եվ առտուն, կանուխ կանուխ, առջի շոգենավով կ՚երթար Պոլիս, իր ուժաթափ թևին տակ սեղմելվ իր պարպված պայուսակը, այս հավիտենական թշնամին ու հավիտենական անկուշտը որ չէր հագեցած երբեք երեսուն տարիե ի վեր. ու հոն, թևին տակը, խեղդելու պես կը սեղմեր զայն, այդ պարպված փորը ու չքացնել կ՚ուզեր։

Պոլիս գործ չկար․ ժամացույցին ստակեն մնացորդը երթևեկության ծախքին մեջ սպառեցավ ու վայրկյանը կը մոտենար