Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ահավոր արագությամբ մը խոյանալով իր վրա, ուր վերջին երեսուն փարան Քուզկունճուքեն Պոլիս իջնելու, հույսի մը ետևեն վազելու ծախքը — վասն զի հիմա հույսի ետևեն երթալն ալ ծախքով է — պիտի հատներ։

Այն ատե՞ն. այս հարցումը զոր միտքը կ‘ըներ, որուն պատասխանելու հարկեն չէր կրնար խուսափիլ, իր դեմը կ՚ելլեր, խոշոր, հսկա տառերով կը գրվեր օդին մեջ, ու իր առջևեն կը քալեր իր նայվածքին փակչելով ամեն տեղ։

Զ.

Ինչպե՞ս կ՚ըլլա որ մարդ հացի մը ստակին կարոտը կը քաշե կամ շոգենավի մի ստակը չվճարելուն համար կեցած տեղը կը մնա գամված, անշարժ։

Հուսեփ աղան հիմա այս խնդիրները կը հարուցաներ մտքին մեջ, լուծելու կը ջանար, և փողոցին մեջ քալելով, իր դատարկ պայուսակը զգալով, շոշափելով մատներուն տակ, իր տունը փոխադրված կը զգար ինքզինքը հանկարծ, իր սիրուն զավակներուն քովիկը, և պահ մը վերացած՝ կը մոռնար ինքզինքը, իր ավուր հացի կարոտ մուրացկանի դիրքը, վայրկյան մը գոնե, հարուստ ու ամենակարող ըլլալու համար, այդ փոքրիկ տունը կը ձգեր, ավելի ճոխ բնակություն մը տալու համար իր զավակներուն. նոր զգեստներ, գլխարկներ, անոնց երիտասարդի բոլոր պահանջումներեն ավելի՛ն, շատ ավելին կուտար ու հրճվանքնին տեսնելով կը բերկրեր։ Ի՜նչ դյուրին ու ի՜նչ դժվար երջանկություն։

Եվ ձեռքին տակ՝ պայուսակը իր կաշիի կոպիտ ու ծակոտկեն երեսովը կը դողդղար, կ՚արթնացներ զինքը, իրականության քով կը քաշեր կը բերեր, անոթի առնելիքվորի մը պես։

Հետո վերջին հնարքները սկսան ապրուստի, մանր ու արհավրալից բաներ, նորոգելու պատրվակով տունեն տարված ու չնչին գինով վաճառված կարասիներ, տնական պետքերը հոգալու համար նորե նոր՝ ամեն օր տարբեր խանութներու ծախողներ ու դիմումներ. ապառիկ գնելու համար հաստատված