Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զ.

Անցյալները սպասուհի մը եկավ մեզի այդ զեղեն. իմ այցելութենես ի վեր երկու տարի անցած էր: Շատ մը հարց ու փորձեր ըրի իրեն։ Ի՞նչ կ՚ընեին գեղացիները, խոզակը շահ կը ձգե՛ր առաջվան պես. գեղին աղաները իմ ճանչցած անձե՞րս էին, Հաճի Կարապետը, Օհանճան աղան, ուրիշները:

Այս վերջին անունին՝ սպասուհին ժպտեցավ.

— Օհանճան աղան կարգուկ է հիմա, պատասխանեք ինծի, որբևարի մը առավ ամիս մը առաջ։

— Ի՞նչ, որբևարի՞, հարցուցի:

— Վարժապետին կնիկը, Զարուկը։ Իր առջի ուզածը առավ, տեսա՞ր, էֆենտիս, խըսմեթը ինչ է՝ ան կըլլա։

Երկու բառով ամեն բան հասկցուց ինծի, ասիկա ամենուն գիտցածն էր գեղին մեջ։

— Առաջ՝ փոթուրլու ըլլալուն՝ չուզեց Օհանճան աղան, անիկա ալլըման տելիխանլը մըն էր, ըմա հիմակին պես հարուստ ալ չէր շտտակը: Աղջիկը կարդալ կիտեր, դպրոց գացեր ու կիտնական էր. չհավնեցավ անոր. առջի էրիկը վարժապետ էր. աղեկ օր մը չցուցուց կնկանը։ Հիմա Օհանճան աղան առավ նորեն։ Առաջ ալ աղվոր էր Զարուկը, չունևորութենեն չէր ցուցներ։ Թե որ հիմա տեսնես, պոյ, պոս, ծովի պես մազեր, լուսնի պես երես մը. հրեշտակ կըլմանի։

Ու բարոյականը հանելով այս բոլոր պատմությանը, իր պարզամիտ՝ բայց խելացի գեղջուկի բարոյականը՝

— Նայե, էֆենտիս, մեր գեղը Պոլիս չէ, հոն շալվար կը հագնինք մենք, մեր էրիկ մարդիկ ալ փոթուր պիտի հագնին:

<1900>