Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մաքրիկ երկյուղած կը կենա այս վեհաշուք ու պատկառելի տեսարանին առջև, մինչդեռ մարդը իր շահադետ վաճառականի անհարկի հաշիվը մեջտեղ կը դնե.

— Գիտե՞ս որչափ խորանարդ մեթր ատաղձ կրնա տալ այս անտառը, կ՚ըսե ինծիք որչա՜փ թրավերս երկաթուղիի, խորանարդ մեթրը տասը ֆրանքեն՝ գանձ մը ըսել է ասիկա, անանկ չէ՞, Մաքրիկ։

Մաքրիկ գլուխը կ՚երերցնե, բայց նայվածքը հեռուն է, մոլորած անցյալին մեջ:

Ե.

Զո՜ւր ջանքեր, անօգուտ պայքար զոր միտքս սրտիս դեմ կը մղե չվերարծարծելու համար սեր մը զոր հավիտյան մարած կը կարծեի: Իրմե փախչիլ հեռանալ ուզելով իր շուրջը կը թափառիմ, ընկղմելու մոտ նավի մը՝ հորձանքին մեջ պտուտկելուն պես. հետզհետե կը զգամ, որ կյանքը ու լույսը իրմեն միայն կրնան գալ ինծի, կը զգամ որ դիմադրությանս ույժը կը նվազի տակավ, բայց ինքն ալ հանցավոր է ինծի չափ այն պզտիկ ու լուռ պչրանքներուն համար որոնցմով զիս կը պաշարե։

Հիմակվան սերս այն նյութապաշտ սերը չէ ալ որ մարմնական հրապույրներ կը հետապնդե միայն, անցյալ տարիներու բովեն զտվելով՝ մաքրված ու ազնվացած է հիմակ։

Մեր երիտասարդության սկիզբը, մաս մը տեղ միասին քալելե վերջը ճամփաներս հանկարծ ճյուղավորվեր էր առջևնիս ու ճակատագիրը զիս մեկ կողմ և ղինքր ուրիշ կողմ մը նետեր էր. ու շատ մը տարիներե ետքը բախտը ահավասիկ նորեն միացուցեր, դեմ առ դեմ բերեր էր մեզ։ Երկուքնիս ալ կարոտով ու զղջում ով կը հիշեինք մեր անցյալը ու վաղափուլ երջանկությունը: Աշխարհիս երկու ծայրեն եկած անծանոթներու պես որոնք՝ երկուքնուն ալ սիրելին եղող բացակայի մը վրա խոսելով իրարու կը մոտենան, այսպես աջ մենք՝ մեր հին օրերու հիշատակովը՝ նոր մտերմությամբ մը կը կապվեինք: