Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անդարմանելի ընելու համար զայն. Մաքրիկին նայվածքը այս նրբությունները ունի իր քաղցրությանը մեջ։

Առտու մը կանուխ ճերմակ շրջազգեստով մը տեսա զինքը իր դրան առջև, բանված ճուրքով շրջազգեստ մըն էր, ծաղկասփյուռ պատմուճանի մը պես որ իր քանդակածո մարմնին կը փակչեր, լանջքին բարձրակոհակ թավալումներեն մեջքին կ՚իջներ ու ավելի վար, զիստերուն, մինչև ծունկվըներուն կը փաթթվեր:

Աղջիկ ատենին պես երկուքի ճեղքած էր իր առատ ու ճոխ մազերը, գլխուն ետևը ժողվելով զանոնք. անցյալ տարիները ինձի հիշեցնելու հայտնի ճիգը կը տեսնեմ իր քովը, և դիտավորությունը՝ անդիմադրելի ընելու իր սիրույն կալանքը:

Քիչ մը վերջը էրիկն ալ եկավ քովը ու այն առտուն երեքնիս մեկտեղ ըրինք սովորական պտույտը։

Իրիկվան՝ շատ մը ընտանիքներու պես՝ Քորուպաշի ըրինք ճաշերնիս, վարի գյուղին մոտիկ պզտիկ սարավանդ մը որ Դաշտելենի անտառին կը կռթնի: Որոշված է, որ ամենքնիս մեկտեղ վերադառնանք։

Այս վերադարձը վարի ճամփեն եղավ. ամբողջ կարավանը մեր կովի կառքերուն, երաժշտության, երգի, խնդալներու խլացուցիչ ժխորով մը ու չորս դիեն արձակված հրթիռներու մեջեն, ծանր ծանր կը քալե խորտուբորդ ուղիին համեմատ ելևէջելով:

Անտառին մեջ կը մխվինք նորեն՝ վրդովելով անոր հանգիստը մեր խոլ ուրախության աղաղակներովը որոնց արձագանքը կ՚երկարի, կը կրկնվի հեռուն: Մութ է չորսդինիս, հսկա ծառերուն շուքը վերահաս գիշերին սևությամբը կը թանձրանա, տեղ տեղ մեղմացած մեր կառքերը գարդարող թուղթե լապտերներան վարանող ու տարտամ լույսերեն: Այս մութի զանգվածին մեջ ուր դեմքերը չեն որոշվիր, ձայները կը բարձրանան սակայն, իրարու կը հանդիպին:

Ես Մաքրիկին քովն եմ ու կառքեն իջած՝ հետիոտն կ՚երթանք երկուքնիս քիչ մը առջևեն ու ետևնուս կը քսեմ էրկանը ձայնը որ այդ միջոցին իր առևտրական մեկ ճարտարությունը