Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը բացատրե քովի մարդուն։ Հազիվ միջոց ունիմ կամաց մը երկու խոսք զուրցեք ու Մաքրիկին։

— Ըսե՛ ինծի որ զիս կը սիրես տակավին։

Չի պատասխաներ անիկա, ձեռքս կը բռնե միայն ու երկու քայլ անդիեն, մութին մեջեն հանկարծ էրկանը ձայնը կու գա մեզի, իր կինը վկա բռնելու սովորական կոչումը իր խոսակցին դեմ։

— Չըսե՞ս, Մաքրի՛կ։

Ու անտառին մեջ այս ձայնը, որ իմ հարցումիս կրկնությունն է, կը տարածվի ծառե ծառ, ճյուղե ճյուղ, ճամփան կորսնցուցած թռչունի մը պես հոս հոն կը զարնվի նվաղելու մոտ և զոր արձագանքը էն վերջը մեզի կըվերադարձնե.

— Չըսե՞ս, Մաքրի՛կ։

Քիչ քիչ գեղին կը մոտենանք, վայրկյան մըն ալ ու անտառեն դուրս պիտի ելլենք, տերևներուն մեջեն գեղին վառված ճրագներուն բիծերը կ՚երևան լուսազարդ երկինքի մը պես որ կարծես գետնին վրա փռված ըլլար։ Վերջին փորձ մը կը փորձեմ խզել տալու համար իր սփինքսի լռությունը, իմ հեք սիրույս պատրանքովը՝ մշտնջենապես վերապահված կը կարծեմ զինքը վերստանալու իրավունքս, համոզված որ էրիկը քանի մը տարի հետը ապրած ըլլալուն համար չէր կրնար այս աղվոր կինը համայրամել։

Այս պահուս ոչ ոք ուշադրություն կ՚ընե մեզի կամ գեթ ես այնպես կը կարծեմ, ու գրեթե կը բռնադատեմ զինքը պատասխանելու ինծի։

Խավարին մեջ իր ճերմակ շրջագգեստը ճառագայթող բան մը ունի ու այս մութ անտառին դիցուհին կը թվի անիկա աչքիս:

— Հույս մը տուր, սիրո բառ մը ըսե գոնե։

Ավելի ումով կը սեղմե ձեռքս, բայց դարձյալ չի պատասխաներ։

Ու էրկանը ձայնը հանկարծ օգնության կը հասնի ինծի կարծես, հեռվեն, խորունկեն եկող ձայն մը, անտառին աձագան քովը խոշորցած ու մութին մեջ իր նշանակությունը փոխած ձայնը.

— Չըսե՞ս, Մաքրի՛կ։

<1901>