Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և գոհ էի անցած ըլլալուս համար: Ինչպես որ գուշակեր էի, պարզ կաթոլիկուհի մը չէր, այլ հայության ոխերիմ թշնամի մը. մեր ազգին պես խեղճ ու ողորմելի զարմե մը սերած ըլլալուն նախատինքը մեր ազգին դեմ անհաշտ ու վայրենի ատելություն մը առաջ բերեր էր իր մեջ. կաթոլիկությունը անո՛ր համար գոհացում տված էր իր սրտին, որովհետև ատով՝ օտար կրոնքե ավելի օտար ազգության մը կը պատկաներ ու հայության աղտը միանգամ ընդմիշտ կը թոթափեր իր վրայեն։ Արմենիսա անոնցմե էր որոնք ի՞նչ ազգե ըլլալնուն հարցման անվեհեր կը պատասխանեն.

— Կաթոլիկ եմ։

Բնավ հայերեն բառ մը արտասանելը լսած չէի. հասունիսթի և անթիհասունիսթի կռվին տաքության մեջ, ծայրահեղ ու կատաղի հասունիսթ մը եղած էր, անկատար հայ մը ըլլալեն կատարյալ լատին մը ըլլալը նախամեծար համարելով։

Բայց հասունիսթե ավելի կաթոլիկ և կաթոլիկե ավելի պապական էր. հռոմեականներու եկեղեցին այն ատեն միայն կ՚երթար երբ լատին եկեղեցի մը չգտնվեր, իր ընտանիքը Էնկյուրիեն Պրուսա և Պրուսայեն հոս հաստատվեր էին, միասին բերելով այս հավատքը։

Իր համոզումները՝ գեղեցկությանրը պես իշխող ու նվաճող էին. իր փաստերուն անձնատուր ըլլալը ճշմարիտ հաճույք մը պիտի ըլլար ինծի, եթե արդեն կաթոլիկ եղած չըլլայի իր աչքին։

Հիմա որ մոլեգին կը սիրեի զինքը, կեղծիքս ճշմարիտ ուրացումե ավելի առաջ երթալ կը սպառնար. իր բոլոր կատաղությանը համամիտ կը թվեի. անհավատալի գաղափարներ ուներ աշխարհիս վրա, զորս հերքելե կը զգուշանայի, այդ փոքրիկ ու սիրեցյալ գլխուն մեջ՝ երկրիս ամենեն մեծ իշխանությունը պապական զորությունն էր։

Ու ես այս տգետ, գեղանի, կրոնամոլ կնոջ դեմ երկչոտ ու միշտ պարտված, սրտիս մեջ կը զգայի սակայն ազգիս ու կրոնքիս դեմ ուղղված այս անիրավ նախատինքները, զոր, Արմենիսա մեկ գգվանքով, առանց գիտնալու, մոռցնել կուտար ինծի: