Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երջանիկ եղանք, անկարելի ըսի, որովհետև սիրո մեջ մեկուն երջանկությունը մյուսին տառապանքեն կը բաղկանա:

Ա՛լ իր հայտնի մտերիմն ու ընկերն էի. ամենքը զարմացան ու նախանձեցան վրաս. ի՞նչ կերպով հաջողեր էի այս բախտը վայելելու. չգիտցան երբեք։

Ու այնուհետև միասին կ՚երթայինք պտտիլ կղզիին շուրջը և վայրի ելակ քաղել ճամփուն վրա։ Վերջալույսին, Մանասթրի փոքրիկ անտառակին մեջ, հետաքրքիր ու չար ակնարկներե հեռու, ձեռք ձեռքի մեջ, ծառի մը տակ կը նստեինք մինակ, բոլորովին մինակ, Մարմարայի կապույտ երեսին դեմ։ Գիշերները, Ահիլիան, մեր երիտասարդ նավավարը, իր եռազույգ թիով նավակը պատրաստ կը պահեր մեզի համար, և լուսնին լուսով, ծովուն մեղմ ու հանդարտ ալիքներուն վրայեն կը թռցներ մեզ Փրինքիփոյի գաղտնապահ ու ամայի եզերքները։

Արմենիսա գեղեցիկ ձայն ուներ, իր երգերուն ոչ ոք գիտե տալ այն երկնային ու աննման շեշտը որ մարդուս հոգին հեշտությամբ և աչքը արցունքով կը լեցնե։ Սիրո ու դմբախտության վրա կը դառնային միշտ իր երգերուն տուները։

Ինծի այնչափ համակրելուն դժկամակած կ՚երևար։

— Մենք իրարու համար չենք, կ՚ըսեր երբեմն՝ տրտմությամբ գլուխը երերցնելով։

Բնավ չհարցուց ո՞ւր տեղացի, որի՞ զավակ ըլլալս, կաթոլիկ էի, ու այս կը բավեր իրեն, ես ալ հարևանցի տեղեկություններ միայն ունեի իր վրայոք, որոնք ավելի ենթադրություններ էին քան ստուգություններ։

«Մատամ» կ՚ըսեի սկիզբները. երբ հարաբերություննիս ավելցավ՝ Մառի կը կոչեի զինքը պարզապես։ Օր մը ըսի իրեն թե նախ Արմենիսա անունով ճանչցեր էի զինքը, և թե այսպես կը կոչեին միշտ բոլոր կղզեցիք, իր զայրույթը չեմ կրնար բացատրել։

— Ես կաթոլիկ եմ, ըսավ ցամաք կերպով։

Իր ծեր բարեկամը կու գար դարձյալ որոշյալ իրիկունները։. Ֆրանսացի դրամատեր մըն էր. տարիներե ի վեր միասին