Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գտնված էին. հետզհետե համոզված էի որ իր հոմանին էր և ինքը կը հոգար անոր բոլոր շռայլությունները: Քաշվելու մարդ չէր. հլու ու հնազանդ կ՚երևար միշտ. այն ոսկեբարձ ավանակներեն մեկը որոնք ամեն կողմ կը հանդիպինք:

Շատ կ՚ուտեր ու քիչ կը խոսեր, շատ կը վճարեր ու քիչ կը ստանար, առանց մռլտալու. իր առաջին հաճույքը Արմենիսան գոհացնելն էր. զավակ ու ազգական չունենալով, ամեն բան զոհելու պատրաստ էր անոր համար, ամուսնանալ ուզած էր հետը, բայց նորատի կինը իր ազատությունը դյուրավ չէր ծախած։

Սիրով ու միաբանությամբ կը սահեր ուրեմն մեր կյանքը: Արմենիսա լուսավորչական ըլլալուս կասկածն անգամ չուներ, բայց ես՝ շիտակը՝ կը տառապեի իմ ակամա հավատուրացությանս համար։ Հայերը իր գլխավոր ծաղրանքի նյութերն էին. մեր լեզուն՝ զոր չէր հասկնար, մեր եկեղեցին՝ ուր ոտք կոխած չէր հերետիկոս ըլլալու վախով, իր հարձակումներում ենթակա էին, կրցածիս չափ կը ջանայի իր սխալ ու հոռի դատողությունները, ուղղել, առանց կասկած հրավիրելու վրաս:

Իրավ ալ ամենեն նվաստ արարածը եղած էի. խիղճս կ՚ըմբոստանար վերջապես, ու ես առաջինն էի անկմանս բոլոր ամոթն ու բոլոր խորությունը ճանչնալու, բալց Արմենիսան կորսնցնելը՝ կյանքը կորսնցնելեն ավելի դժնդակ մահացու չէ՞ր:

Որքա՞ն պիտի տևեր իմ սրբապիղծ խաբեությունս. ոևկ դիպված չպիտի գար ճշմարտությունը երևան հանելու, և ամեն վայրկյան՝ ձեռքե հանելու ահուդողով՝ իմ երջանկությունս դառն ու պաշտելի տառապանք մը կ՚ըլլար միշտ:

Դ.

Խաշի կիրակի առտու մը, սեպտեմբերի գեղեցրկ առտու մը, նստեր էինք ծովեզերքի քազինոն։

Կիները հագված, շքված, շպարված, էրիկ մարդիկ՝ մաքուր, նոր, կիրակնավուր հագուստներով, բոլորն ալ հույներ,