Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աչքը երեսը բաց մեկը չեմ ուզեր հա՛, հաճի՛, դուն իմ ուզածը հասկցար, թե որ զիս գոհ ընես, ուզած թելլալչեքդ եվելոքը կուտամ:

— Հասկցա, օղուլ:

Միջնորդը քիչեն շատ հասկցող կին էր. անմիջապես չորս դին ինկավ, հարցուց փնտրեց. բայց գտնվածները Սուրբիկ հանըմին ուզած պայմանները լիովին չէին միացներ իրենց վրա: Գեղեցիկ աղախիններ չէին պակսեր իր ձեռքին տակ, բայց ասոնց աչքերն ալ, երեսն ալ պետք եղածեն ավելի բացված էին ու Սուրբիկ հանըմին ծեր էրիկը՝ Ղազար աղան գլխե հանելու, չափ սատանա էին։ Հանըմին ուզածը միամիտ աղջիկ մըն էր և ասիկա Պոլսո մեջ դյուրին չեղավ գտնել։

Այն ատեն Հաճի Տյուրիկ հատուկ ճամփորդություն ըրավ, Իզմիտ. Պաղչեճիկ, Արսլանպեկ, Ատաբազար։ Վերջապես պըտտեցավ բոլոր այն գեղ տեղվանքը որոնք սպասուհիներու արտածումը կ՚ընեն. և ահա մեծ հոգնություններե վերջը, չորեքշաբթի որ մը ցորեկին, հաղթական մուտքով մը, Սուրբիկ հանըմին ներկայացուց իր գեղեն բերած սպասուհին, հազիվ տասնըութը տարեկան կին մը, զոր նույն օրն իսկ միասին առեր բերեր էր Պաղչեճիկեն:


Սուրբիկ հանըմ գլխեն մինչև ոտքը զննեց նորեկը որ դրան մոտ բարև բռնած կեցած էր. իր հագած պասմաե տձև շրջազգեստին հակառակ՝ իրոք խիստ շնորհալի գտավ զայն, քանի որ շուտով ամսականին վրա հարմարեցավ միջնորդին հետ. յոթը մեճիտ ամիսը և տարին երկու ձեռք նոր լաթ, բացի իր մեկդի նետածներեն զորս իր հոժարության համեմատ պիտի նվիրեր. եթե գոհ մնար անոր խզմեթեն: Եվ անմիջապես սկսելու համար կոկիկ ու մաքուր շրջազգեստ մը հագցուց անոր, ճերմակ գոգնոց մը կապեց գլխին յազման հանեց և մազերը շտկել տվավ. այս համառոտ արդուզարդով աղախինը իր գեղեցկության բոլոր շքեղությանը մեջ երևաց։ Մեջքը բարակ չէր, բայց հասակին բարձրությանը և բարձերուն հարստությանը վայլած էր։ Ձվաձև, և իր գեղացի ըլլալուն հակառակ դեռ ճերմկոտիկ դեմքին վրա սև խոշոր աչքերը սովորաբար թարթիչներուն շուքին մեջ կը պահվեին ու