Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մականուն չունիմ, բարեկամս, պատասխանեց ինձ տրտմությամբ ժպտելով։

Հետաքրքրությունս ավելցավ.

— Աստվածդ սիրես շիտակը զրուցե, կրկնեցի անոր, ապահով եմ որ պոլսեցի ես, կարելի է որ ճանչվոր, թերևս ազգական ըլլանք։

Յուր մականունը հասկնալ ուզելով, վարդապետին կենաց պատմությունն էր զոր կը հարցնեի անգիտությամբ, մտերմություննիս կատարյալ ու անկեղծ էր և չի զլացավ յուր հետաքրքրաշարժ անցյալը պատմել:

Մեր գրեթե բոլոր վարդապետներուն պես, Սերովբե վարդապետն ալ ուսուցչական ասպարեզի զրկանքներեն անցեր էր կրոնական կենաց մահացումներուն, մարդոց խոսքը տղոց քարոզեր էր, աստուծո խոսքը մարդոց քարոզելե առաջ։

Թեև ունևոր մարդու և ծանոթ ու անվանի ընտանյաց զավակ, բայց տղա հասակեն չքավորության մեջ մնացեր էր յուր հորը մահվամբ, որը բոլոր հարստությունն՝ առևտրական ընկեր եղող հորեղբոր կողմեն կողոպտված էր. յուր մոր, տկար ու հիվանդոտ կնոջ բերնեն լսած էր ադ անխիղճ հափշտակության պատմությունն, երբ զատկի ու ծննդի առթիվ այս ազգականին երթալով ձեռք պազնելու ու թերևս փոքրիկ նվեր մը ստանալու համար՝ տուն կը դառնար հորեղբոր ապարանքին ճոխության ու փարթամության վրա սքանչացած։

— Այդ բոլոր քեզ շլացնող հարստությունը քու հորդ էր, զավակս, կ՚ըսեր հեք կինը։

Մինչդեռ անդին հորեղբայրն յուր եղբորորդին տեսնելուն՝ աշխարհի մեջ միայն մուրացիկ ազգականներ ունենալու վրա կը գանգատեր։

Ի՞նչպես դասախոս դարձեր էր, պարզապես դպրոցական շրջանն ավարտելուն լավագույն գործ մը չի գտնելեն և յուր այրի մոր ապրուստն հոգալու հարկեն ստիպյալ։ Ո՛չ ապաքեն օրապահիկ ճարելու անխուսափելի հարկն եղած է միշտ հայ ուսուցիչներ հասցնող վարժապետանոցը։

Երիտասարդն առանց հմուտ հայագետ մը լինելու, քաջ ծանոթ էր ազգային մատենագրության, զրկանքներով մեծցած