Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կ՚արգիլեր իրեն, փողոցի մեջ գոնե երիտասարդ կնոջ մը դեմքը տեսնելու։

Ուրեմն ամեն գաղափարե զուրկ էր կանանց մասին, երբ առաջին անգամ աղջկան մը դասախոսելու կանչվեցավ:

Անթիվ բազմության մը ներկայության քննություն տալու, պահուն ոչ այնչափ դողաց որչափ այս աղջկան առաջին հեղ դասի սկսելուն: Դպրոցական շրջանե դուրս ոևէ հարաբերություն կամ ծանոթություն չունենալուն՝ կը վախնար որ ծաղրելի կամ անպատշաճ բան մը կ՚ըներ։

Ուշիմ, ծույլ, չարամիտ ու բարեսիրտ աղջիկ մ՚էր այս նոր աշակերտուհին, այնքան զվարճախոս որքան ինք լուրջ, այնքան համարձակ, որչափ ինք վեհերոտ էր։

Պատանուհին, տարօրինակ հետաքրքրությամբ, մանրախույզ ու գաղտնի ակնարկով մը գլխեն մինչև ոտքը քններ էր զինքը. և կ՚երևի թե բավական պակասություններ գտած էր վրան, ըստ որում բանիցս արհամարհոտ ձևով մը շրթունքը երերցուցեր էր, բայց քիչ քիչ դասատուին վայրենի ձևերն անշուշտ զբոսայի թվեցան իրեն, և գոնե սկիզբները, կատակերգություն մե տեսնելու անհամբեր անձի մը պես կ՚սպասեր անոր գալստյանը։

Այս տարօրինակ դիրքն ավելցուց դասատուին շփոթությունը, բայց տակավ առ տակավ ինքն ալ վարժվեցավ անոր և անհավատալի անտարբերությամբ մը սկսավ յուր դասերը։

Խելացի աղջիկ մ՚էր Արուսյակ, մինչև այն ատեն, ուրիշներե առած չոր ու ցամաք քերականության դասերն անտանելի նեղություն ու ձանձրույթ միայն պատճառեր էին իրեն, երիտասարդին ընտրած եղանակը՝ նվազ ձանձրալի պարտ էր լինել քանի որ ուսման սերն անոր ծուլության հաղթեց, և քիչ ատենվան, մեջ ըրած զգալի հառաջադիմությունը նպաստավոր գաղափար մը տվավ դասատուին վրա։

Այսպիսով իրենց հարաբերությունները բարվոքեցան և հետզհետե կատարյալ բարեկամության մը ձևն առին, մինչդեռ յուր բնավորության ծանրությամբը վարժապետն արդեն ծնողաց վստահությունը կը վայելեր: