Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զորս ճերմակ քամիզոլիե թեզանիքեն կը նշմարեր. շրջազգեստը կը փակչեր ծունկերուն տեղ տեղ մատնելով սրունքներուն նիհարությունը, և այս արգահատելի տեսարանը խանդաղատանքով կը լեցներ երիտասարդին սիրտը, ո՞վ էր ինքը, աղքատիկ տղա մը որուն մեծ տիկիններ ու օրիորդներ չէին հաճիր աչք դարձնել, և այս հիվանդագին աղջիկը իր հյուծումով, իր սպառող երիտասարդոլթյամբը կը հուզեր իր բանաստեղծի հոգին. գութը՝ սիրո դուռը կը բանար, և պաշտել կուզեր այս ոսկերոտին որ աղջիկ մ՛էր, այս տամուկ ճակատը որուն վրա թափող սև մազերը, նոճիներուն սաղարթներուն պես տրտում ու սգավոր ստվեր մը կը ձգեին։ Խոսեցավ դուրսեն ներսեն. Մեծ Կղզիի զվարճություններեն, Պյոյուք-Տերեի երաժշտություններեն, ամեն մարդ գյուղերը գացեր էին օդափոխության։

— Ի՞նչ երջանիկ են գյուղ գացողներն, մրմնջեց աղջիկը։

Դառնություն չի կար իր խոսքերուն մեջ, այլ պարզ համակերպություն մը ճակատագրին, անմեղ փափագ մը որուն անկարելի ըլլալուն կատարյալ գիտակցությունը ուներ, գյո՜ւղ երթալ ամառը, լուսինը երթալ բնակելու պես բան մը իրենց համար։

Գալուստյան կախորժեր հոս, այս հիվանդ հոտող սենյակին մեջ. տրտմությունը իր հրապույրը ունի, ինչպես անդունդը իր ձգողությունը, ու չէր ուզեր մեկնիլ. ուրիշ ատեն ալ եկած էր անուշադիր այս աղջկան ուրկե աչքը չէր զատվեր և որ փոխադարձաբար զինքը կը գիտեր շարունակ։

Հետո մտածեց որ նեղություն չի պատճառե երկարելով այցելությունը. ոտքի ելավ. Ֆուլիկ հանըմ աղաչեց որ նստի, հիվանդիեն դարձավ անոր կամքը հարցնելու համար.

— Ձանձրություն չիտամ։

— Դուք չի ձանձրանաք, մեզի ուրախություն մ՛է ձեր գալը, մարդ մարդասանք չունինք. հիվանդին երեսը պաղ է։

Մեղմ ձայնով մը կը խոսեր աղջիկը։

— Տեմիրճյաններու հարսնիքը ե՞րբ է, հարցուց հանկարծ։

— Չեմ գիտեր, կարծեմ թե նոր բաներ կանցնին. Արմենակ գիշեր ցորեկ իրենց տունն է. կարելի է մտքերնին փոխեն ու Արմենակին տան աղջիկնին։