Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՔՐՈՆԻԿ

ՏԻԿԻՆ ՄՈՆԿՈՏԵՆ

Օրիորդ Մարկըրիթ Տարպելիի առաջնորդությամբ կազմված ֆրանսացի թատերախումբը, որ այս ձմեռվան սկիզբը Փերայի Թաղապետական թատրոնին մեջ կարգ մը ներկայացումներ տալե ետքը մեկնած էր, քանի մը օրե ի վեր մայրաքաղաքս վերադարձած է և իր նոր շրջանը երեկ զիջեր սկսավ, ներկայացնելով Տիկին Մոնկոտենը, զվարճալի վոտրվիլ մը, որուն մեջ բարոյական մըն ալ կա, ինչ որ վոտըվիլե մը միշտ չսպասվիր։

Ահավասիկ այս զավեշտին նյութը համառոտիվ։

Պարոն և տիկին Մոնկոտեն Ալանսոն քաղաքը կը բնակին։

Տիկինը բարոյականի մասին խստապահանջ, բայց չափազանց խստապահանջ մեկն է, հայ մամուլին ծանոթ մեկ քանի ներկայացուցիչներուն չափ, իր այս անմատչելի ու անառիկ կնկան համբավը տարածված է ամեն կողմ, իր խիստ թարմ ու համեղ ատենն ալ — հիմա տիկինը հիսունին մոտիկ է — այսպես է եղեր, ու իր տունը հյուր եկողներուն արդար պարծանքով մը ցույց կուտա պզտիկ դաշույն մը զոր գործածեց օր մը իր պատվին ու հրապույրներուն ետևեն ինկող ձեռներեց մարդու մը դեմ ինքզինքը պաշտպանելով։

Այս դաշույնը հիմա նվիրական բան մըն է և Ալանսոն ամբողջ անոր առջև կը ծնրադրե։