Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր կնոջ առջև դժբախտ Մոնկոտեն ինքզինքը արդարացնելու համար գյուտ մը կընե. քնաշրջիկ կը ձևանա և իբրև թէ քունին մեջ և անգիտակցաբար երգչուհիին քովը գտնված ըլլալը կը ցուցնե. իր կինը չի հավատար նախ. հետո երբ կը տեսնե որ քնաշրջիկը, միշտ աչքը գոց, պատուհանեն դուրս իյնալու պես բաներ մը կընե, կը համոզվի։

Մոնկոտեն այս առաջին անգամը կը հաջողի կանացի վրեժխնդրության կայծակներեն պրծելու, բայց եկու տես որ երգչուհին, իբրև ճշմարիտ փարիզցի կին, զվարճանալ կուզե իրեն՛ հետ. և օր մըն ալ կելլե տիկինը բացակա եղած մեկ ժամուն Մոնկոտենին տունը կուգա. իզուր Մոնկոտեն, որուն առջի անգամվան վախը միտքն է դեռ, ճամփու դնել կուզե զինքը. Պենկալին իր ճիտը կը փաթթվի, գիրկը կը նետվի, վերջապես կընե այն ամեն բաները որոնք խեղճ Մոնկոտենին բոլոր խոհեմության դասերը մոռցնել կուտան։

Կերգեն, կը պոռան և... բնականաբար դարձյալ կը բռնվին տիկինեն որ վերջապես վրա կը հասնի անիրավ պատուհասի մը պես։

Այս անգամ ա՛լ քնաշրջիկի հնարքը չի կրնար բանիլ և Մոնկոտենի արվելիք պատիժը անագորույն և անողոք բան մը պիտի ըլլա. տիկինը կը խորհի, կը մտածե, պահ մը ամուսնաթողության խոսք մը կը դառնա, ամուսնին համար՝ ասիկա պատիժ չէ այլ փրկություն, բայց այս խորհուրդը կանցնի, ասոր տեղ տիկին Մոնկոտեն կորոշե ամուսինը տարագրել լերան մը մեջ կորսված ագարակ մը, և Մոնկոտենկը մխիթարվի խորհելով թե գեթ առանձին պիտի մնա հոն։

— Ո՛չ, կըսե տիկինը, ես ալ միասին քովը պիտի ըլլամ։

Հիրավի պատիժը անհանդուրժելի է ա՛լ. Մոնկոտեն կնոջը գթությանը կը դիմե ու հակառաջարկ կը ներկայացնե ինչպես կըսեն դիվանագետները.

— Հինգ տարի, տասը տարի պտուղեն, սա ծանոթ պտուղեն զրկե զիս, ի՞նչ կըլլա։

Ո՛չ. պտուղե ղրկելը չնչին ու անբավական պատիժ մըն է և տիկին Մոնկոտեն, այն պարկեշտասուն կինը որ ահա սա պատեն կախված արյունաթաթավ դաշույնով մը իր պատիվը