Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐ

Մեր, ընթերցողները չկարծեն թե քերականության վրա է խնդիրը, պարզ խոսակցության մը սովորական կանոններեն անդին քերականություն չունիմ ես։ Բայց քերականության կանոններ կան որոնք հրապարակագրական բարոյականի ալ կանոններ են, և կարմե որ ատոնք մեր ընթերցողներուն ներկայացնենք։ Անոնք որ Մասիսը հրատարակողները կը ճանչնան, գիտեն հարկավ որ ազգին եղած ոչ թե պզտիկ այլ մեծ նվիրատվություններու համար սովորություն չունինք ներբողներ հորինելու ոչ ոքի, և ի մասնավորի անոնց որ այդ ներբողը մտիկ ընելու համար դրամ կուտան։

Գլխավորապես հակառակող ենք ամեն ցույցի որ դրամատերներե քանի մը ոսկի առնելու համար զանոնք անճահ շողոքորթություններով մեծարելու մեջ կը կայանա։

Իզուր պիտի առարկեն որ ազգը և եկեղեցին՝ մարդոց ունայնասիրութենեն պետք է օգտվին, անոնցմե քիչ շատ դրամ կորզելով և շռայլելով անոնց այն գովասանքները որոնցմով պետք է մտրակել իրենց կարկամած ողորմասիրությունը։

«Նպատակը միջոցը կարդարացնե»ն մեր սկզբունքը եղած չէ երբեք, անտեղի միջոցով մը ազգին կամ եկեղեցիին ջահը փնտրելու ստորնացումը չենք ընդունիր։